Home / Հայաստան / Խնդրահարույց գազային պայմանագրերից հետո ՀՀԿ-ն փոխեց Հաշվիչ հանձնաժողովի կազմը

Խնդրահարույց գազային պայմանագրերից հետո ՀՀԿ-ն փոխեց Հաշվիչ հանձնաժողովի կազմը

Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջարկել է փոխել հաշվիչ հանձնաժողովի կազմը՝ դրա անդամների թիվը 7-ից դարձնել 11, որտեղ ՀՀԿ-ականների թիվը կհասնի 5-ի, 2 տեղ կտրվի ԲՀԿ-ին և մեկական տեղ՝ մյուս 4 խմբակցություններին:

Առաջարկը ոչ կոալիացիոն (ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, Ժառանգություն) խմբակցկությունների մոտ տպավորությունն է ստեղծել, թե ՀՀԿ-ն այս քայլին գնում է՝ դեկտեմբերի 23-ին գազային պայմանագրերի քննարկման պատճառով, երբ ոչ իշխանական խմբակցությունները հայտարարել են, թե քվեարկությունը չի կայացել, քանի որ հաշվարկին մասնակցել է հաշվիչ հանձնաժողովի անդամների կեսից քիչը՝ 2 մարդ:

«Այս առաջարկով փաստորեն մեծամասնությունն ընդունում է, որ «Հայռուսգազարդ»-ի բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի քննարկումը խափանվել է, ուրեմն ընդունված որոշումը չի կարող իրավական հիմք ունենալ։ Դրանից հետևում է, որ գազի պայմանագիրը չի վավերացվել», – ասել է ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը:

Այս կարծիքին միացել է նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ավելացնելով, որ եթե որոշումն ընդունվի, ՀԱԿ-ը, հավանաբար, չի մասնակցի Հանձնաժողի աշխատանքին:

«Ճնշող մեծամասնություն ունենալու համար՝ օրենքները հարմարեցնում են իրենց: Մենք էլ առաջարկ ունենք՝ գործող կարգը պահպանել: Քանի դեռ ՀՀԿ-ական մեծամասնությունը չուներ խնդիր, չէր ցանկանում կարգը փոխել», – իր հերթին, ասել է ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը:

Այնուամենայնիվ, առաջարկն ընդունվել է 67 «կողմ» ձայներով, իսկ ոչ կոալիցիոն խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։ ՀԱԿ-ն ու «Ժառանոգությունը» հայտարարել են, որ հաշվիչ հանձնաժողով ներկայացուցիչ չեն ուղարկելու։