Home / Հայաստան / ԵԱՀԿ․ «Սահմանին հետագա վատթարացման վտանգը թերագնահատվում է»

ԵԱՀԿ․ «Սահմանին հետագա վատթարացման վտանգը թերագնահատվում է»

Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ու սահմանին հրադադարի ռեժիմի խախտման ու կորուստների փաստերը մտահոգություն են առաջացնում։ Այս մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։

«Ցավոք, վերջին շաբաթների ընթացքում իրավիճակն էլ ավելի է սրվել, ու հետագա վատթարացման վտանգը թերագնահատվում է»,- նշել է նա։

Կասպշիկի խոսքով՝ ինքը զորքերի շփման գծում դիտարկման ժամանակ բարձր լարվածություն է նկատել։

«Թեև երկու կողմերի հրամանատարները երաշխավորում էին, որ դիտարկման ժամանակ հրադադարի ռեժիմը չի խախտվելու ու խումբն անվտանգ է լինելու, այնուամենայնիվ, կրակ բացվեց»,- ասել է նա։

Հրադադարի ռեժիմի խախտման պատասխանատվությունն ընկնում է երկու կողմերի վրա, նշել է Կասպշիկը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Փարիզում կողմերին կոչ էին արել լիարժեք ու անվերապահորեն կատարել հրադադարի մասին համաձայնության պայմանները։ Համանախագահները նշել էին, որ վերջին իրադարձությունները խախտում են բանակցություններն ու նվազեցնում խաղաղ կարգավորման հեռանկարները։ Հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, ու այդ հարցը կքննարկվի համանախագահների՝ տարածաշրջան կատարվելիք հերթական այցի ժամանակ»,- ասել է Կասպշիկը։

Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալթերը նույնպես մտահոգություն է հայտնել զինծառայողների ու հասարակ քաղաքացների մահվան ու վիրավորումների վերաբերյալ։

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորն ու ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր ժամանել են Ադրբեջան:

Համանախագահները հանդիպումներ են ունենալու Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ:

Ադրբեջանից հետո Ժակ Ֆորն ու Ջեյմս Ուորլիքը կժամանեն Հայաստան: