Home / Տեսանյութեր / Ոստիկանությունը հրաժարվեց Արգիշտի Կիվիրյանի դեմ հայցից

Ոստիկանությունը հրաժարվեց Արգիշտի Կիվիրյանի դեմ հայցից

Ոստիկանությունը հրաժարվել է հրապարակախոս Արգիշտի Կիվիրյանի դեմ վարչական դատարան ներկայացրած իր իսկ հայցադիմումից:

2013 թվականի դեկտեմբերի 26-ին Կիվիրյանի դեմ ներկայացված հայցով ոստիկանությունը դատարանից պահանջել էր հրապարակախոսին ենթարկել վարչական պատասխանատվության՝ «ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար»:

Ոստիկանության գրությունն այսօր հրապարակեց դատավոր Ռոբերտ Սարգսյանը: Պատճառների մասին դատավորը ոչինչ չհայտնեց, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը։

Ինքը` Կիվիրյանը, ոստիկանության քայլը այսպես է բացատրում. «Ոչ միայն վերածվելու էին ծաղրուծանակի, այլ նաև բացահայտվելու էր իրենց ապօրինիությունների ողջ շղթան»:

Ոստիկանությունը հայցադիմումի մեջ նշել էր, որ 2013 թվականի հոկտեմբերի 31-ին, ժամը 20:15-ին, չորս դիմակավորված անձ, այդ թվում՝ Արգիշտի Կիվիրյանը, Բաղրամյան 26 հասցեում փորձել են որպես նվեր դդում հանձնել Հայաստանի նախագահին: Ոստիկանները, ըստ հայցադիմումի, հայտնել են, որ «իրավասու չեն որևէ բան նախագահին փոխանցել` խնդրելով մոտենալ աշխատանքային ժամերին և դիմել իրավասու պաշտոնատար անձանց»:

«Արդյունքում իրենք մեծ ուրախությամբ վերցրեցին այդ դդումը», – պատմում է Կիվիրյանը, – «Չնայած մենք տեղյակ չենք` իրենք արդյո՞ք պատշաճ ձևով հանձնեցին դա Սերժ Սարգսյանին, թե չհանձնեցին»:

Ոստիկանության հայցի մեջ նշված է եղել, թե Արգիշտի Կիվիրյանը չի կատարել ոստիկանների պահանջները՝ «հանել դիմակները, հեռանալ Հայաստանի նախագահի նստավայրի դարպասների մոտից»: Արգիշտի Կիվիրյանն ասաց՝ ոստիկանները նման պահանջ չեն ներկայացրել` «ընդամենը հայտարարել են, որ աշխատանքային ժամն ավարտվել է»:

Հիմա արդեն Արգիշտի Կիվիրյանն է պատրաստվում հայց ներկայացնել ոստիկանության դեմ՝ իրեն ավելի քան 3 ժամ ոստիկանությունում պահելու համար: