Home / Հայաստան / Ադրբեջանը ուրացել է «իր հայաստանցի լրտեսին»

Ադրբեջանը ուրացել է «իր հայաստանցի լրտեսին»

Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանում ձերբակալված Խաչիկ Մարտիրոսյանն իրենց հետ չի համագործակցել։ «Մենք այդպիսի մարդ չենք ճանաչում»,- ասված է Ադրբեջանի ԱԱՆ հասարակայնության հետ կապերի կենտրոնի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Պետական դավաճանության մեջ մեղադրվող 61-ամյա Խաչիկ Մարտիրոսյանի ձերբակալության մասին Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարել է փետրվարի 5-ին։

«ՀՀ ԱԱԾ կողմից ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ, որոնք վկայում են, որ Մարտիրոսյանը, ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով, 2013թ. օգոստոսին սեփական նախաձեռնությամբ դիմել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանություն ու կապ է հաստատել դեսպանության քողի տակ գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, առաջարկելով իր ծառայությունները:

Մարտիրոսյանը Ադրբեջանի հատուկ ծառայություններից ստացել է ռազմական բնույթի տեղեկություններ ձեռք բերելու առաջադրանքներ և դրանք կատարելու նպատակով ձեռնարկել է գործուն քայլեր: Իր կողմից ձեռք բերված տեղեկությունները Մարտիրոսյանը մտադրված է եղել փոխանցել ադրբեջանցիներին, ինչը, սակայն, կասեցվել է ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից», – ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։