Home / Հայաստան / Չինովնիկը չի պատասխանել՝ արդյոք «Գազպրոմը» կատարում է պարտավորությունները

Չինովնիկը չի պատասխանել՝ արդյոք «Գազպրոմը» կատարում է պարտավորությունները

ՀՀ կառավարությունն այլևս պարտքեր չի կուտակում ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության հետ հարաբերություններում: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի բարձրացրած հարցին: Միևնույն ժամանակ Նազարյանը նշել է, որ իր տեղեկությունը հստակ չէ, քանի որ այդ խնդիրն իր հանձնաժողովի լիազորությունների մեջ չի մտնում:

Հիշեցնենք, որ 2011 թվականից մինչև 2013 թվականը «Գազպրոմը» բարձրացրել է Հայաստանի համար գազի գինը, սակայն իշխանությունները չեն հայտարարել այդ մասին տարբեր ընտրությունների փուլում՝ գազը հաշվարկելով նախկին գնով, որի արդյունքում 300 միլիոն դոլարի պարտք է կուտակվել։

Հրանտ Բարգատյանը նաև հարցրել է՝ որքան աշխատավարձ են ստանում «Հայռուսգազարդ»-ի աշխատակիցները, մասնավորապես, տնօրենների խորհրդի անդամները: Չինովնիկը նշել է, որ այդ հարցին չի կարող պատասխանել:

«Միջին աշխատավարձը կազմում է 227.000 դրամ: Տնօրենների աշխատավարձը մեր խնդիրը չէ: Մեր սահմանած աշխատավարձի ֆոնդից ավել ծախսելու իրավունք չունեն», – ասել է նա:

Բագրատյանը նաև հետաքրքրվել է՝ արդյոք գազամատակարարը կատարում է իր նորմատիվ պարտականությունները, օրինակ, արդյոք 5 տարին մեկ շենքերի համար նոր խողովակներ են ներկրվում:

Նազարյանը հերթական անգամ ասել, թե այդ հարցին հստակ չի կարող պատասխանել, քանի որ իրենք ընտրովի ստուգումներ են անում և խախտումներ դեռ չեն հայտնաբերել:

Պատգամավորը նշել է, որ իր բնակության շենքում վերջին 14 տարում խողովակները չեն փոխվել։