Home / Հայաստան / Ուկրաինայում ցմահ ազատազրկված Հայաստանի քաղաքացուն կօգնի միայն հեղափոխությունը․ իրավապաշտպան

Ուկրաինայում ցմահ ազատազրկված Հայաստանի քաղաքացուն կօգնի միայն հեղափոխությունը․ իրավապաշտպան

2011 թվականից Ուկրաինայի իշխանությունների կողմից սպանության մեղադրանքով կալանավորված և 2013 թվականի նոյեմբերին ցմահ ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Մերաբ Ալոյանի (Սուսլով) դատական գործընթացը շարունակում է ընթանալ աղաղակող խախտումներով, իսկ կալանավայրում վերջինիս անձի նկատմամբ տարատեսակ ոտնձգությունները չեն դադարում։

Ալոյանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսել են Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ, իրավաբան Արա Ղազարյանը, Աշխարհի և Հայաստանի եզդիների ազգային միությունների նախագահ Ազիզ Թամոյանը։

Ալոյանը մեղադրվում է գործարար Շաբաբ Ալոյանի սպանությունը կազմակերպելու և իրականացնելու մեջ, որը կատարելիս ոստիկանության երկու աշխատակիցներ են զոհվել։ Նա ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնությունում, այնուհետ՝ 2011 թվականի մարտին արտահանձնվել Ուկրաինա։ Ցմահ ազատազրկվելու դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում, որն էլ ուժի մեջ է թողել դատավճիռը, այնուհետ նշված որոշումը բողոքարկվել է Ուկրաինայի վճռաբեկ դատարանում։ Վերջինս դատական գործով նիստը նշանակել է փետրվարի 13-ին։ Մի շարք ուկրաինացի իրավապաշտպաններ և լրագրողներ սեփական հետաքննությունն են անցկացրել, որի արդյունքում պարզել են, որ սպանողը Մերաբ Ալոյանը չէ։

«3 տարի է՝ ազգությամբ եզդի գործարարի նկատմամբ տարբեր հետապնդումները, նվաստացումները, խոշտանգումները, ինչպես նաև ընդգծված խտրական վերաբերմունքը պարբերական բնույթ են կրում։ Մերաբի վզից պոկել են իր կրոնի սիմվոլը և նետել զուգարանը։ Ասել են, որ դա անում են, քանի որ նա եզդի է, ու մնացած բոլոր խոշտանգումները ուղեկցվում են ռասիստական բնույթի արտահայտություններով։ Այստեղ էլ հարց է առաջանում՝ ինչ անելիք ունեն այս հարցում ՀՀ իշխանությունները։ Մինչ այժմ վերջիններս մեկ կերպ են արտահայտել իրենց վերաբերմունքը՝ Կիևում հյուպատոսական բաժնի աշխատակիցն այցելել է Ալոյանին, ծանոթացել նրա բողոքներին և կալանքի պայմաններին, որից հետո հայտարարել է, թե նրա պայմանները բարելավվել են, որն իրականությանը չի համապատասխանում», – ասել է Ղազարյանը և ավելացրել, որ Ալոյանի գործով պետք է զբաղվի Կառավարությունը, քանի որ ունի մի շարք լծակներ ու լիազորություններ։

Նա շեշտել է, որ Ալոյանի՝ ՀՀ իշխանություններին ուղղված նամակներից պարզ է դառնում, թե ինչ անմարդկային ու սարսափազդու պայմաններում է պահվում՝ «նրա կյանքին սպառնացող վտանգի մասին բավական երկար ժամանակ է, ինչ փորձում ենք բարձրաձայնել»։

Միքայել Դանիելյանը նույնպես խոսել է Ալոյանի նկատմամբ իրականացված խոշտանգումների ու նվաստացումների մասին։

«Ալոյանին արգելել են ունենալ նորմալ փաստաբան, թարգմանիչ, իրավունք չեն տվել ծանոթանալ փաստաթղթերին, դատարան են բերել՝ պարկը գլխին հագցրած։ Ցավոք, իր փաստաբաններին մշտապես փոխում են, դնում են այնպիսի կաղապարի մեջ, որ ի վիճակի չլինեն աշխատել։ Նաև գիտեմ, որ բացի փաստաբաններին առաջարկվող գումարներից՝ նրանց վրա ճնշումներ են գործադրվել։ Ես եղել եմ Կիևում և իմ նկատմամբ նույնպես ճնշումներ են իրականացվել՝ ինձ մոտեցել են դատարանի շենքում և առաջարկել են չմասնակցել դատական պրոցեսներին։ Շատ լավ եմ պատկերացնում այն մարդկանց վիճակը, ովքեր գտնվում են Կիևում և փորձում են պաշտպանել Մերաբին։ Լրագրողները նույնպես շատ զգուշավոր են և չեն ուզում շատ մոտենալ գործին», – ասել է իրավապաշտպանը։

Վերջինս ընդգծել է, որ ոչ մի ակնկալիք չունի նշանակված դատական նիստից, քանի որ «ուկրաինական և հայկական դատարանները նույնն են»։

«Փոփոխություն կարող է լինել միայն Ուկրաինայում հեղափոխությունից հետո, քանի որ իշխանափոխությունից հետո դատարանները չեն ուզենա այդպիսի աղմկոտ գործ ունենալ։ Նրանք կբեկանեն գործը և կուղարկեն առաջին ատյանի դատարան», – ասել է Դանիելյանը։

Նրան նաև զարմացրել է այն հանգամանքը, որ դեսպանության ներկայացուցիչը ոչ մի անգամ դատարան չի այցելել, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը չի պատասխանել Ալոյանի նամակներին, մինչդեռ մեկնում է Մոսկվա՝ Հրաչյա Հարությունյանի դատական նիստին մասնակցելու։

«Ի դեպ, Ուկրաինայի օմբուդսմենն այցելել է, ու դրանից հետո ահագին բան փոխվել էր՝ սկսել էին ավելի լավ նայել Մերաբին», – ասել է Դանիելյանը։

Բանախոսը, քրեական դատավարության իրավունքի մի շարք խախտումներ արձանագրելու հետ մեկտեղ, խոսել է նաև Ալոյանի՝ ՀՀ արտահանձնման մեխանիզմների մասին և ընդգծել, որ կան բոլոր համապատասխան օրենքները։

«Արտահանձնումը շատ արագ արվում է, եթե Հայաստանի Հանրապետությունը հետաքրքրված է դրանով։ Իսկ եթե հետաքրքրված է, որ նա նստի, ապա հենց այսպես էլ վարվում է», – եզրափակել է Դանիելյանը։

Ազիզ Թամոյանն էլ կոչ է արել ՀՀ իշխանություններին, կառավարությանը, Արտաքին գործերի նախարարությանը լրջագույն ձևով ուսումնասիրել գործը, մտածել իր քաղաքացու մասին և ստիպել կիևյան դատարանին արդարացի որոշում կայացնել։