Home / Հայաստան / Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին չեն փոխհատուցի՝ միջոցներ չկան, բացատրել է նախարարը

Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին չեն փոխհատուցի՝ միջոցներ չկան, բացատրել է նախարարը

Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցում տրամադրելու մասին եվրոպական կոնվենցիայի ընդունումը կասեցվել է, քանի որ պետական միջոցները չեն բավարարում, իսկ այդ կոնվենցիան լրացուցիչ բեռ է լինելու: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Ըստ նրա՝ եթե կոնվենցիան ընդունվեր, նույնիսկ հանցագործությունը բացահայտված չլինելու դեպքում, պետությունն իր վրա պետք է վերցներ տուժողների իրավահաջորդների փոխհատուցումը:

«Այս փուլում սա համադրելի չէ սոցիալական ոլորտում վարվող քաղաքականության հետ, բռնությունների զոհ կարող են լինել նաև ապահովված մարդիկ, և պետությունը պետք է իր վրա վերցներ նոր պարտավորություններ», – ասել է Թովմասյանը:

Ըստ նրա՝ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից միայն 40 տոկոսն են վավերացրել կոնվենցիան:

Նշենք, որ հարցը բարձրացրել է ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը:

Չբավարարվելով պատասխանով՝ Ջհանգիրյանն ասել է, որ այդ կարևոր կոնվենցիայի չվավերացումը չի կարելի բացատրել ֆինանսների բացակայությամբ կամ առկայությամբ: