Home / Հայաստան / ՍԴ-ի որոշումը չի ազատում պարտադիր կուտակայինը վճարելու պարտավորությունից․ ԿԲ

ՍԴ-ի որոշումը չի ազատում պարտադիր կուտակայինը վճարելու պարտավորությունից․ ԿԲ

Սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ի՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների կասեցման որոշմամբ կուտակային բաղադրիչի մասնակիցներին պարտադիր կուտակային վճարները կատարելու պարտականությունից չի ազատել: Այս մասին ասված է Կենտրոնական բանկի տարածած հայտարարության մեջ։

«Կենտրոնական բանկը փաստում է, որ կուտակային վճարներ կատարելու պարտականությանը վերաբերող համապատասխան դրույթները կասեցված չեն և հիշեցնում, որ նշված դրույթների սահմանադրականությունը դեռևս վիճարկման փուլում է: Ուստի Կենտրոնական բանկը հորդորում է ձեռնպահ մնալ Սահմանադրական դատարանի որոշման տարաբնույթ ընկալումներից, քանի որ վիճարկվող դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետևանքները, թերևս, ավելի ծանր կլինեն և կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը», – ասված է հայտարարության մեջ։

Կայքը տեղեկացնում է, որ օրենքի կասեցված դրույթների կիրարկումն ապահովող ՀՀ կենտրոնական բանկի ակտերը չեն խոչընդոտում ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման կատարմանը, ուստի Կենտրոնական բանկը վիճարկվող դրույթների կասեցումից բխող միջոցառումներ ձեռնարկելու խնդիր ներկա փուլում չունի: