Home / Հայաստան / ԶԼՄ-ներում հրապարակվող չհիմնավորված մեղադրանքները կարող են դատական կարգով հերքվել․ իրավաբան

ԶԼՄ-ներում հրապարակվող չհիմնավորված մեղադրանքները կարող են դատական կարգով հերքվել․ իրավաբան

Զանգվածային լրատվական միջոցներում հրապարակվող յուրաքանչյուր նյութ, որում չկան փաստական տվյալներ և առկա են չհիմնավորված մեղադրանքներ, կարող է դատական կարգով հերքվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի իրավաբան Լուսինե Մինասյանը (լուսանկարում)։

Բանախոսը հիշեցրել է, որ իրենց կազմակերպությանը վիրավորանքներ հասցրած Zaruhi.com կայքի խմբագրակազմը հրաժարվել էր կայքում հոդված հրապարակել ու ներողություն խնդրել։ 

Խնդրո առարկան 2012 թվականին Zaruhi.com կայքում «Կանանց ռեսուրսային կենտրոնի» մասին հրապարակված հոդվածն է եղել, որում կայքի լրագրող Ռուսլան Թաթոյանը «Կանանց ռեսուրսային կենտրոնին», մասնավորապես, անվանել է «գրանտակեր», «ընտանիք քանդող»: ՀԿ-ն դատարան էր դիմել՝ կայքից և լրագրողից հերքում պահանջելով զրպարտանքի և արժանապատվությունը վիրավորելու համար: Առաջին ատյանի դատարանը բավարարել էր հայցը՝ համարելով, որ վիրավորանքի փաստն ակնհայտ է: Դատարանը նաև փոխհատուցում է նշանակել՝ 50 հազար դրամի չափով: Այնուհետև Վերաքննիչ դատարանը գտել էր, որ պատասխանատու է միայն լրագրողը, իսկ կայքը կատարվածի համար պատասխանատվություն չի կրելու:

Մինասյանի խոսքով՝ անցյալ տարի ևս իրենք առնչվել են իրենց հեղինակությանն ուղղված շատ վատ արտահայտությունների հետ, սակայն, հաշվի առնելով խոսքի ազատության գործոնը, սկզբում փորձել են լուրջ չվերաբերվել։

«Այս ամենով հանդերձ՝ հաճախ գործը հասնում է այն սահմանին, երբ ցանկացած արդարացում արդեն տեղին չի լինում։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում սպառնալիքներ էին հնչեցվել՝ մեր կազմակերպությունն ու աշխատակիցներին ֆիզիկապես վերացնելու և վնասելու մասին։ Դիմեցինք ոստիկանություն, համապատասխան հաղորդում տվեցինք, որոշ ժամանակ քրեական գործի համար նյութեր էին նախապատրաստվում իրավական պաշտպանության և հասանք շատ դրական նախադեպի՝ ոստիկանությանը հաջողվել էր գտնել սպառնացող օգտատերերից մեկին։ Բացատրական աշխատանքներ տանելու ընթացում նա պարզաբանել էր, թե շատ զայրացած է եղել, դրա համար է նման արտահայտություններ արել։ Ցավալի է, որ մյուս օգտատիրոջը ոստիկանությանը չի հաջողվել գտնել, ինչն էլ մարդկանց ազատություն է տալիս համացանցում կեղծ էջից գրել ինչ-որ բաներ և մնալ անպատիժ», – ասել է բանախոսը և ավելացրել, որ ոստիկանությունն այսուհետ պետք է լուրջ վերաբերվի նման դեպքերին, քանի որ, օրինակ, «DIY»-ի դեպքում սպառնալիքներն իրականություն են դարձել։