Home / Տեսանյութեր / Սեփական մարմնի մեդիա. Ոստիկանության ապօրինությունների քաղվածքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեփական մարմնի մեդիա. Ոստիկանության ապօրինությունների քաղվածքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունը հաճախ ոչ թե պաշտպանում է քաղաքացիներին, այլ ինքն է խախտում նրանց իրավունքները: Այս պնդումն ապացույցներով հաստատելու համար քաղաքացիական ակտիվիստ Լալա Ասլիկյանը YouTube սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է տեղադրել, որում ոստիկանության անօրեն գործողությունների կադրեր են ներկայացված: Ակտիվիստն իր տեսանյութն անվանել է «Ոստիկանության ապօրինությունների քաղվածք»:

Ասլիկյանը ներկայացրել է դեկտեմբերի 2-ին նկարահանված նյութեր և ձայնագրություններ: Այդ օրը Երևան էր ժամանել Վլադիմիր Պուտինը, և ոստիկանությունը խաղաղ ակցիաների ավելի քան 100 մասնակցի բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկել: Քաղաքացիները բաժիններում են պահվել ավելի քան 3 ժամ, ինչը նախատեսված չէ օրենքով:

Ասլիկյանը տեսանյութին կից տեքստում հորդորում է քաղաքացիներին որպես ինքնապաշտպանության միջոց ունենալ լուսանկարող և ձայնագրող սարքեր: 

«Այսօրվա Հայաստանում մարդը բողոք արտահայտելիս որպես ինքնապաշտպանության միջոց պետք է իր մոտ ունենա լուսանկարող և ձայնագրող սարքեր, կարողանա տիրապետել տեսամոնտաժին` լինի սեփական մարմնի մեդիան: Մարդը պարտավոր է դրանք օգտագործել զգուշությամբ, թաքցնելով, քանի որ ոստիկանների պրակտիկան է դրանք գողանալը, ջարդելը, առգրավելը` այդպիսով զրոյացնելով անօրինականությունները վավերելու հնարավորությունը: Ոստիկանների գործելաոճն է ստիպել, վախեցնել, պարտադրել, որ տեղադրված տեսանյութը հանվի համացանցից: Այսօրվա Հայաստանում մարդը պարտավոր է իմանալ օրենքները, որոնք մեկ ա չեն գործում, բայց դեռևս համառորեն արտաբերվում են մարդկանց կողմից որպես հնարավորություն՝ քաղաքականացնելու ոստիկանների հանցագործությունները: Սիստեմի դեմ որևէ ֆորմալ ինստիտուտ չի գործում, իրականում գործում են մարդկանց փոխօգնության խմբերը: Ոստիկանության ինստիտուտի կողմից հայտարարված պատերազմը չի կարող իրականանալ, քանի որ կա մարդը և մարդկանց փոխօգնության խմբերը, որոնք այլ ճանապարհ չունեն, քան դիմադրելը», – նշել է Ասլիկյանը: