Home / Տեսանյութեր / Ռուսաստանին կաշառելը և Սփյուռքի պահվածքը․ առաջին նախագահի խորհրդականի մեկնաբանությունը

Ռուսաստանին կաշառելը և Սփյուռքի պահվածքը․ առաջին նախագահի խորհրդականի մեկնաբանությունը

Հայաստանի այսօրվա իշխանությունները ԼՂ-ի իշխանությունների հետ Հայաստանի անկախությունն ու ԼՂ-ի ճակատագիրը գործնականում հանձնում են Ռուսաստանին և դա անում են որպես կաշառք: «Իրատես de facto»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել 1994-1997 թվականներին ՀՀ նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը՝ շեշտելով, որ սա քաղաքական մշակույթի ոճ է և ոչ թե պետությունների միջև որևէ ձևի բանակցություն:

«Կաշառք է գնում: Այլ կերպ դժվար է բացատրել այս նոր զիջումները: Սերժ Սարգսյանը ՄՄ-ի մեր անդամակցությունը կապեց անվտանգության գործոնին: Իսկ ի՞նչ էր պատահելու: Թուրքիան հարձակվելու էր Հայաստանի վրա ու Ռուսաստանը մերժելո՞ւ էր կատարել ՀՀ-ի նկատմամբ իր հանձնառությունները: Կամ Ադրբեջանը հարձակվելու էր ԼՂ-ի վրա ու Ռուսաստանը նրան ևս 4 մլրդ դոլարի զե՞նք էր վաճառելու: Բայց Թուրքիան չէր հարձակվում, իսկ Ռուսաստանն էլ երբեք Ղարաբաղը մեզ չի խոստացել ու չի խոստանալու: Բազարի մակարդակը, որը տեղի է ունեցել, պահանջում է, որ մեր իշխանությունները հստակորեն ասեն, թե որն է այդ վտանգը և որտեղից է սպասվում: Առայժմ տպավորություն է, թե դա միմիայն Մոսկվայից եկած սպառնալիք էր, և մերոնք փորձում են պարզապես կաշառել Ռուսաստանին: Սակայն այդ երկիրը շատ ավելի մեծ ինքնասիրություն ունի կաշառք ընդունելու համար: Այն, ինչ տալիս ենք, նա համարում է իր բնական իրավունքը»,- ասել է Լիպարիտյանը:

Քաղաքագետը նշել է, որ փակուղուց դուրս գալու համար ՀՀ իշխանությունները պետք է ընդունեն վերջին 15 տարում թույլ տված սխալները:

«Առաջին. պետք է լուծեինք մեր հարցերը մեր հարևանների հետ` նվազեցնելով նրանց կողմից վտանգներն ու Ռուսաստանից կամ որևէ այլ պետությունից խոր կախված լինելու անհրաժեշտությունը: Երկրորդ. պետք է հստակ տեսնել, որ կոմպլեմենտարության հղացքը, որը Քոչարյանի արտաքին քաղաքականության «մեծ գյուտն» էր` Ռուսաստանից կստանանք անվտանգություն և Արևմուտքից` տնտեսական զարգացում, մի մեծ փուչիկ էր»,- ասել է նա:

Լիպարիտյանը խոսել է նաև Սփյուռքի դերի մասին՝ նշելով, որ Սփյուռքի դիրքորոշումը փոխվել է, և այլևս չկան այն կառույցները, որոնք մի 15-20 տարի առաջ աղմուկ էին բարձրացնում ամենամանր հարցի կապակցությամբ անգամ, նրանք, ում համար ստեղծվել է սփյուռքի նախարարությունը, այն մարդիկ, ովքեր պետությունից ստացել են պատիվները, բայց այսօր լռում են, երբ այս իշխանությունները ծախում են պետությունն ու պատանդ դարձնում այն ժողովրդին, ում համար այդ պետությունն ստեղծվել է:

«Սփյուռքը անմիջապես փոխում է, այսպես ասած, իր «software»-ն ու ենթարկվում մի այլ տրամաբանության, որը շատ մտածել չի պահանջում: Երբ լսում ենք ցեղասպանություն-անվտանգություն-Ռուսաստան բառակապակցությունը, ոտքներս թուլանում են, դատողությունը` առկախվում: Մեզ լավ են պատրաստել, մենք էլ լավ սովորել ենք: Մանավանդ սովորել ենք այդ բոլոր հակասությունները համադրել ինչ-որ ազգային, սուպերպատրիոտիզմի, անվտանգության իդեոլոգիայի վերածված բանաձևերի մեջ: Բայց դրանք քաղաքականություն կամ դիվանագիտություն կարող են դառնալ միայն ի հեճուկս մեր պետականության ու ժողովրդի շահերի:

Ռուսաստանին թե՛ թերագնահատելը, թե՛ գերագնահատելը մեզ հասցնում են մեր շահերի ու ռազմավարության սխալ գնահատման կամ ձևավորման, որը վնասում է մեզ: Նույնքան վնասակար է ինքներս մեզ թերագնահատելը: Սակայն կարծես սփյուռքը վերադառնում է 1980-ականների հոգեբանությանը, որը թելադրում էր, թե Ռուսաստանից դուրս` «չիք փրկություն»: Դա չէ՞ր գլխավոր պատճառը, որ սփյուռքի մի կարևոր, հատկապես կազմակերպված մասը 1988-1991 թվերին դեմ էր Հայաստանի անկախությանը: Սփյուռքին անհրաժեշտ էր լուծել ոչ թե Հայաստանի և Հայաստանի ժողովրդի ապագան, այլ այն հոգեբանական հակասական իրավիճակները, որոնց դեմ հանդիման էր կանգնել իր նյութական ու կառույցային հարցերը լուծելուց հետո: Այսինքն` ինչպես զգալ լավ հայ ու նույնիսկ հայ դատի պաշտպան և միևնույն ժամանակ մնալ սփյուռք, մնալ սփյուռքում ու վայելել նրա առավելությունները` առանց պատասխանատվություն վերցնելու: Սփյուռքին պետք էր պարզ բանաձև, և այդ լուծումը նրան առաջարկվել էր Ռուսաստանի պատկերով: Իսկ հիմա կարծես սփյուռքը վերընկալում է այդ նույն լուծումը: Մեկ անգամ ևս սփյուռքը որպես քաղաքականապես մտածող գործոն անդամալուծված է և ասելիք չունի»,- ասել է Ժիրայր Լիպարիտյանը: 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ irates.am-ում