Home / Հայաստան / Շանթ Հարությունյանի գործով անցնող քաղաքացիական հագուստով անձը տուժող է ճանաչվել

Շանթ Հարությունյանի գործով անցնող քաղաքացիական հագուստով անձը տուժող է ճանաչվել

Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում քաղաքացիական հագուստով անձը, որը, ըստ հրապարակված տեսանյութերի, միայն իրարանցման ժամանակ է հայտարարել, թե ինքը ոստիկան է, ճանաչվել է տուժող, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննչական խմբի ղեկավար Սամվել Տոնոյանը ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ քաղաքացիական հագուստով այդ անձը իսկապես ոստիկան է և գործով որպես տուժող է անցնում:

«Այսինքն, նրան ո՞վ է ծեծել՝ այդ [կալանավորված] 14-ից մե՞կն է նրա նկատմամբ բռնություն գործադրել» հարցին՝ քննչական խմբի ղեկավարը պատասխանել է․ «Այո, հիմա կոնկրետ չեմ կարող ասել՝ որ մեկն է կոնկրետ հարվածել, բայց ունենք քրեական գործը: Պարզապես նպատակահարմար չէ հիմա կոնկրետ անուն տալ, բայց քրեական գործը ունենք՝ այո, այդ 14-ից է»:

Սամվել Տոնոյանը համոզմունք է հայտնել, որ այդ քաղաքացին կարող էր իմանալ, որ տվյալ անձը ոստիկան էր․ «Այո, որովհետև նա սկզբից ներկայացել է, և ծեծելու ընթացքում էլ նրան ասում էին, որ ոստիկան է ծեծել: Այսինքն, եթե ոստիկանը համազգեստով չէ՝ դա նշանակում է, որ նա ոստիկան չէ՞․ բնականաբար, ոչ: Եթե մարդը սահմանված կարգով ներկայացել է․․․»:

«Իսկ ինչո՞ւ համազգեստով չէր, դա դիտավորություն չէ՞», – Տոնոյանին հարց է ուղղել «Ազատության» լրագրողը։

«Իհարկե ոչ: Տվյալ օրը ուժեղացված ծառայություն եղավ, բոլոր համապատասխան ստորաբաժանումները գտնվել են այդտեղ», պատասխանել է քննչական խմբի ղեկավարը:

Ռադիոկայանի հետ զրույցում փաստաբան Սեդա Սաֆարյանը վկայակոչել է օրենքի դրույթը, ըստ որի «Հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ»: Մինչդեռ նոյեմբերի 5-ի գործով տուժող ճանաչված անձը չի կրել ոստիկանի համազգեստ։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի գնահատմամբ՝ ոստիկանությունը սադրանքի է ենթարկել «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով բողոքի ակցիա սկսած Շանթ Հարությունյանին և Ազատության հրապարակում ներկա մյուս քաղաքացիներին:

«Ոստիկանին կանխամտածված են հանձնարարել քաղաքացիական հագուստ հագնել, լինել ցուցարարների մեջ, ենթարկել ցուցարարներին պրովոկացիայի, որպեսզի հետագայում տուժող ճանաչեն»,- ասել է Հարությունյանը։

Իրավապաշտպանը համոզմունք է հայտնել, որ նոյեմբերի 5-ի դեպքերի կապակցությամբ ազատազրկված 14 անձինք քաղաքական բանտարկյալներ են:   

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։