Home / Տեսանյութեր / Ոստիկանությունը պնդում է՝ ակտիվիստի տեսախցիկը չեն խլել. վերջինս բողոքելու է

Ոստիկանությունը պնդում է՝ ակտիվիստի տեսախցիկը չեն խլել. վերջինս բողոքելու է

Այսօր ոստիկանություն հրավիրված քաղաքացիական ակտիվիստ Լալա Ասլիկյանին խոստացել են վերադարձնել նրա կոտրված տեսախցիկը մեկ պայմանով, եթե վերջինս համաձայնի ստացականի տակ ստորագրել։  Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է Ասլիկյանը՝ նշելով, որ ինքը հրաժարվել է քննիչի առաջարկից։

Ոստիկանության աշխատակիցներն Ասլիկյանից Տեսախցիկը խլել էին դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի այցի և Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու դեմ ակցիայի ժամանակ:

«Ինձ ասում են՝ ինչ ուզում ես գրի, նշիր, որ տեսախցիկը կոտրված է, կարող ես մի ամբողջ պատմություն հորինել, միևնույն է՝ մենք դրա տակ չենք ստորագրելու։  Ստացվում է, որ ես ստացական եմ գրում, իրենք տալիս են կամերան, իմ գրածի տակ իրենք չեն ստորագրում, ու դրանով ամեն ինչ վերջանում է։ Ես պահանջեցի արձանագրություն կազմել և նշել, որ տեսախցիկը կոտրված է, իրենք էլ  ասացին, որ այն ընդամենը փոստով կուղարկեն ինձ։ Ես պահանջեցի, որ ինչպես օրենքը թելադրում է, այնպես էլ վարվեն։ Բավական չէ՝ ձեռքիցս խլում են, կոտրում են, վերցնում են հիշողության քարտը, հիմա էլ ստիպում են ստացական գրել», -պատմել է Ասլիկյանը։

Վերջինս ընդգծել է, որ ոստիկանություն այցելելու պատճառ է դարձել փետրվարի 3-ին ստացված գրությունը, որից տեղեկացել է, թե իր բողոքի հիման վրա սկսված ծառայողական քննությունն ավարտվել է։ Ոստիկանության ուղարկած փաստաթղթում գրված է եղել հետևյալը.

«Դիմումներով Ձեր հայտնած՝ ոստիկանության ծառայողների կողմից տեսախցիկը ձեր ձեռքից «խլելու», ինչպես նաև Ձեր նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքները չեն հիմնավորվել։ ՀՀ ոստիկանության ԵՔ վարչության  ՊՊԾ ոստիկանության գնդի ծառայողները  ներկայացրել են «SANYO xacti» տեսակի  տեսախցիկ և հայտնել, որ  այն գտել են  հատուկ կահավորանքով պարեկային ավտոբուսում։ ՀՀ ոստիկանության ԵՔ վարչության ՊՊԾ ոստիկանության  գնդի և նույն վարչության մյուս ստորաբաժանումների  ծառայողները գործել են «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, նրանք կարգապահական կամ այլ բնույթի խախտումներ թույլ չեն տվել, ուստի ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետևանք»:

Մեր զրուցակիցն ավելացրել է, որ հաշվի չի առնվել նաև 2 վկաների առկայության փաստը։

Ասլիկյանը նշել է, թե ոստիկանության գործելաոճի  հաջորդականությունն ու ընթացքը ուղղակի անտրամաբանական են, ուստի պատրաստվում է բողոքարկել որոշումը։

«Երթի ընթացքում՝ Զաքյան-Ամիրյան խաչմերուկի մոտ, ինձ բռնի ուժով տարան դեպի ոստիկանական մեքենան, որով բերման էին ենթարկում երթի մասնակիցներին: Հետո  նկատեցի, որ ծեծում են Վարդգես Գասպարիին, ով մեր մեքենայում էր, հանեցի տեսախցիկը ու սկսեցի նկարել, ինչից ոստիկանները կատաղեցին, ձեռքիցս խլեցին տեսախցիկն ու  ինձ ուղղակի դուրս շպրտեցին մեքենայից։ Ես անվերջ գոռում էի, որ տեսախցիկս վերադարձնեն, ոչ ոք բանի տեղ չէր դնում։ Ավելի ուշ, երբ Հյուսիսային պողոտայով բարձրանում էինք, 2 ոստիկան մոտեցան ինձ, թե՝ «Լալա, եկեք, ձեր կամերան ստացեք»։ Ես զայրացած հակադարձեցի, որ տեսախցիկը բերեն՝ ինչպես տարել են ու, երբ  քայլելով առաջանում էինք, ոստիկանները նորից մոտեցան ու ասացին, որ ոչ մի տեղ չգնանք, սպասենք, մինչև տեսախցիկը բերեն: Մենք էլ երեք ընկերներով նստեցինք նստարանին, ինչից րոպեներ անց  ոստիկանների խումբը մեզ  ու մոտակայքում գտնվող մոտ 30 հոգու բերման ենթարկեց։ Դրանից հետո ոստիկանությունում ինձ գործարք են առաջարկում, իբրև «բարի կամք» կդրսևորեն ու իրենց խլածի փոխարեն նոր տեսախցիկ  կգնեն, եթե դադարեմ բողոքել ու հայտարարեմ, թե վերադարձրել են նախկին տեսախցիկս: Հիմա էլ բերում են կոտրած տեսախցիկս ու ինձ ստիպում են ստացական գրել, պարզապես ծիծաղելի է», -եզրափակել է Ասլիկյանը։ 

Տեսանյութում՝ Ասլիկյանը ոստիկաններից պահանջում է տեսախցիկը