Home / Հայաստան / Թուրքիայի խնդրանքով՝ Աթաթուրքների թիվն Ադրբեջանում չի ավելանա

Թուրքիայի խնդրանքով՝ Աթաթուրքների թիվն Ադրբեջանում չի ավելանա

Ադրբեջանում արգելել են նորածին երեխաներին Աթաթուրք անվանակոչելը (Թուրքիայի ժամանակակից հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պատվին)։ Այս մասին APA գործակալությանը հայտնել է Ադրբեջանի տերմինաբանության հանձնաժողովի նախագահ Սայալի Սադիգովան։ Ներկայումս երկրում ապրում է Աթաթուրք անունով 18 մարդ։

Սադիգովան պարզաբանել է, որ արգելքը ոչ պաշտոնական բնույթ է կրում։ «Բայց եթե ինչ-որ մեկը մեզ այդ հարցով դիմի, մենք կմերժենք»,- նշել է նա։ Նրա խոսքով՝ նման որոշումն ընդունվել է Թուրքիայի կառավարության խնդրանքով։ Թե երբ են նշված երկրի իշխանություններն Ադրբեջանի ղեկավարությանը դիմել նման խնդրանքով, հայտնի չէ։

Նախորդ տարվա մայիսին Սադիգովան հայտարարել էր, որ տեղի բնակիչներին կարող են արգելել իրենց երեխաներին անվանակոչել Թուրքիայի առաջին նախագահի պատվին։ «Աթաթուրքը պատմական կերպար է, ու այդ անունը պետք է պատկանի միայն իրեն»,- հայտարարել էր նա։

Վերջին տարիներին Ադրբեջանի տերմինաբանության հանձնաժողովի գործունեությունն արդեն բազմիցս հայտնվել է լրագրողների ուշադրության կենտրոնում։ 2011 թվականին հանձնաժողովի անդամները հայտարարեցին, որ Ադրբեջանում ամեն տասներորդ անունը չի համապատասխանում չափանիշներին։ 2013 թվականի փետրվարին նրանք մտահոգություն հայտնեցին, որ երկրում մեծ տարածում են ստացել օտար ծագում ունեցող անունները, և առաջարկեցին արգելել դրանք։