Home / Տեսանյութեր / Ինչն ընդունելի չէ ԵՄ-ի հայտարարության մեջ․ Փաշինյանն ու Ֆարմանյանը տարակարծիք են

Ինչն ընդունելի չէ ԵՄ-ի հայտարարության մեջ․ Փաշինյանն ու Ֆարմանյանը տարակարծիք են

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը չի կիսում այն տեսակետը, թե փետրվարի 5-6-ը Ստրասբուրգում կայացած ԵՄ- Հայաստան խորհրդարանական համագործակցության նիստը ձախողվել է։ Այս մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը։

«Այո, պետք է ասել, որ սա ամենաարդյունավետ ելքը չէր, բայց դա ձևակերպելը որպես Հայաստան-ԵՄ հարաբերություններում փակվող դուռ, բացվող լուսամուտ, գերագնահատված գնահատական է», – ասել է Ֆարմանյանը:

Նշենք, որ ավելի վաղ Ստրասբուրգում ԱԺ պատվիրակության անդամ Նիկոլ Փաշինյանը նիստը ձախողված էր անվանել՝ ընդգծելով, որ ԵԽ-ն ու Հայաստանը առաջին անգամ համատեղ հայտարարությամբ հանդես չեն եկել, իսկ Հայաստանի պատվիրակության համար հրավիրված պաշտոնական ճաշը չեղյալ է հայտարարվել Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասիևիչի կողմից:

«Մենք գնացել էինք այս նիստին սեպտեմբերի 3-ի հայտարարությունից (Սերժ Սարգսյանը հայտարարել է Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու մասին – խմբ․) հետո: Մեր նպատակն էր փորձել բացատրել եվրոպացի մեր գործընկերներին ներկա իրավիճակը, Հայաստանի դժվարությունները և որ, այո, Մաքսային միությունը կատարված փաստ է, բայց մենք ցանկանում ենք ԵՄ-ի հետ համագործակցության նոր ձևաչափ մտածել», – ասել է ՀՅԴ-ից խորհրդարանական պատվիրակության անդամ Աղվան Վարդանյանը:

Պատգամավորը փաստել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունների պատմության ընթացքում առաջին անգամ հնարավոր չի եղել համատեղ հայտարարության հասնել:

Ըստ Աղվան Վարդանյանի՝ Հայաստանի և Եվրամիության առաջարկները տարբեր են եղել և չեն համընկել ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող մի կետում:

Սամվել Ֆարմանյանը դժգոհություն է հայտնել ԵՄ-ի մոտեցումից՝ նշելով, որ իրենց ներկայացվել է հակամարտության մասին հայտարարության տարբերակը, որը, ըստ Եվրամիության պատվիրակության, ԵԽ-ի բոլոր անդամների կոնսոլիդացված կարծիքն էր և քննարկման ենթակա չէր։

«Նման մոտեցումը բանակցային տարբերակին համարում եմ անընդունելի: Գալով բովանդակությանը՝ ասեմ, որ ԵՄ-ի տեքստը համարում եմ իրականությունից չբխող, մանիպուլիացիոն ձևակերպումների առիթ տվող: Հիշեցնեմ, որ փաստաթուղթը պետք է ընդունվեր երկու իրավահահավասար սուբյեկտների միջև», – ասել է Ֆարմանյանը:

Նշենք, որ իր խոսքի ողջ ընթացքում Սամվել Ֆարմանյանը խուսափում էր ասել, թե ինչը չի հավանել ԵՄ փաստաթղթի մեջ՝ հորդորելով լրագրողներին ինքնուրույն համեմատել իրենց բաժանված տարբերակները: Աղվան Վարդանյանը ևս հորդորել է լրագրողներին շատ հարցեր չտալ, քանի որ իրենց և լրագրողների միջև «մտերմիկ զրույց» է ընթանում։

Այնուամենայնիվ, լրագրողները պնդել են, որ Ֆարմանյանն ասի՝ ԵՄ-ի տարբերակում որ կետն իրեն ձեռք չի տվել:

Ֆարմանյանի երկար պատասխանից պարզ է դարձել, որ ինքը կցանկանար հայտարարության մեջ տեսնել ազգերի ինքնորոշման իրավունքի մասին կետը:

«Որևէ մեկիս համար գաղտնիք չէ, որ ՀՀ-ի անունից դուք չեք գտնի որևէ ձևակերպում, որտեղ հղում արված չէ միջազգային իրավական այն փաստաթղթերին, որոնք հիմնավորում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքը որպես հիմք», – ասել է ՀՀԿ-ականը:

Աղվան Վարդանյանն էլ ասել է, որ չի հավանել «ձգձգված» բառը հետևյալ նախադասության մեջ․ «[ԵՄ-ը] Հաստատակամորեն շեշտում է, որ չի կարող այլընտրանք լինել Լեռնային Ղարաբաղի ձգձգված հակամարտության խաղաղ և տևական կարգավորմանը և խորապես ափսոսում է բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության կապակցությամբ»: Վարդանյանը նաև ասել է, որ կցանկանար տեսնել ազգերի ինքորոշման, տարածքային ամբողջականության, ինչպես նաև ուժի կիրառման բացառման մասին կետերը:

Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, այլ վարկած է առաջադրել: Ըստ նրա՝ հայտարարություն չի ընդունվել ոչ թե պատվիրակությունների, այլ Հայաստանի իշխանությունների և ԵՄ-ի ցանկությամբ:

«Հայկական կողմը չի ցանկացել ընդունել հայտարարությունը, որպեսզի Ռուսաստանում բացատրություններ տալու անհրաժեշտություն չլինի: Իսկ եվրոպական կողմը չի ուզել, որպեսզի ի չիք դարձնի Հայաստանի այն հայտարարությունները, թե՝ տեսեք, Ադրբեջանը չի կարողանում հայտարարություն անել, մենք՝ կարողանում եք», – ասել է Փաշինյանը:

Նա խնդրել է նկատել, որ այնպես չէ, թե եվրոպացիները Ղարաբաղը հանձնում էին, և ԵՄ հայաստանյան պատվիրակությունը կանգնել է հրետանու դեմ՝ Ալեքսանդր Մատրոսովի նման:

Ֆարմանյանին այս համեմատությունը դուր չի եկել, և նա ասել է․ «Քեզ կոռեկտ պահիր, Նիկոլ»:

Ասուլիսի ընթացքում Փաշինյանը վերահաստատել է իր այսօրվա հոդվածում նշված կետերը՝ 3 արձանագրում անելով.

«Առաջին արձանագրումը. Հայաստան-ԵՄ հարաբերություններում հաստատված է գաղջ մթնոլորտ: Երկորդը՝ Հայաստանի Հանրապետությունն ավելի ու ավելի պակաս են ընկալում որպես անկախ պետություն: Սա շատ մեծ նշանակություն ունի նաև Լեռնային Ղարաբաղի հարցում: Երրորդ՝ որքան զարգանում են հարաբերությունները ՄՄ-ի հետ, այնքան փչանում են հարաբերությունները ԵՄ-ի հետ»: