Home / Տեսանյութեր / ՀԱԿ ակտիվիստներին ազատ են արձակել․ լրագրողին բաժնում ապտակել են (թարմացված)

ՀԱԿ ակտիվիստներին ազատ են արձակել․ լրագրողին բաժնում ապտակել են (թարմացված)

22.30-ի սահմաններում ՀԱԿ-ի ակտիվիստերին ազատ են արձակել ոստիկանության բաժնից: Անի Գևորգյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ոստիկանության բաժնում քաղաքացիական հագուստով մի մարդ ապտակել է իրեն և խլել է հեռախոսը։ Ակտիվիստների խոսքով՝ բաժնում իրենց նկատմամբ բռնությունները շարունակվել են, իրենցից ուժով խլել են հեռախոսները։ Անի Գևորգյանին հայտնել են, որ իրեն բերման են ենթարկել խուլիգանություն կատարելու կասկածանքով։

19։40 Epress.am-ը զրուցել է փաստաբան Վահե Հովսեփյանի հետ, ով նշել է, որ 30 րոպեի ընթացքում 3 անգամ դիմել է ոստիկաններին բաժին՝ ներս մտնելու համար, սակայն նրան առանց բացատրության ներս չեն թողել։ 

18։57 Մարտի 1-ին կայանալիք «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության հրավիրած հանրահավաքի իրազեկման թռուցիկները բաժանելու ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել 6 անձի, այդ թվում՝ «Չորրորդ ինքնիշխանության» թերթի լրագրող Անի Գևորգյանին և ilur.am կայքի օպերատոր Սարգիս Գևորգյանին։

Ակտիվիստներին և լրագրողներին տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է Անի Գևորգյանը։

«Մաշտոցի պողոտայում գտնվող «BEST» սուպերմարկետի մոտ թռուցիկ բաժանող ակտիվիստներին մոտեցան քաղաքացիական հագուստով ինչ-որ երիտասարդներ ու խանգարեցին թռուցիկներ բաժանել, ասացին, որ իրավունք չունեն։ Ընդհարումից խուսափելու համար ակտիվիստները գնացին խանութի կողմը ու զանգահարեցին ոստիկանություն։ Ոստիկանական մեքենան եկավ, բայց տեսնելով, որ ՀԱԿ ակտիվիստներն են կանչողը, առանց կանգնելու հեռացավ։ Եվս երկու մեքենա մոտեցավ ակտիվիստներին, տղաներն ասացին, որ անծանոթները ապօրինություններ են կատարել։ Ոստիկաններն էլ ձևական անծանոթներից մեկին բռնեցին, հետո անցան ակտիվիստներին բռնելուն։ Ոստիկանները բռնություն են կիրառել լրագրողների նկատմամբ, փորձել են խլել տեսախցիկները», – պատմել է Գևորգյանը։

Մեր զրույցի ընթացքում լրագրողին անընդհատ խանգարել է ոստիկանը՝ միջամտելով ու քաշելով հեռախոսը։

Ոստիկանության բաժնում Գևորգյանին ասել են, որ վարչական ձերբակալության է ենթարկված 3 ժամով, այլ մանրամասներ չեն հայտնել, ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացրել։

Մեր զրույցից մի քանի րոպե անց մենք փորձել ենք կրկին կապվել Անի Գևորգյանի հետ, սակայն նրա, ինչպես նաև մյուս բերման ենթարկվածների հեռախոսն անջատված է եղել։ 

Նշենք, որ երկու օր առաջ իրազեկման ժամանակ ակտիվիստներին նույնպես բերման էին ենթարկել։