Home / Տեսանյութեր / Օրենքը փոխում են օլիգարխների երեխաների համար․ Բլեյանը դեմ է տարկետմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օրենքը փոխում են օլիգարխների երեխաների համար․ Բլեյանը դեմ է տարկետմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Զինապարտության մասին» օրենքում փոփոխությունը, որով կառավարությունն իրավունք է վերապահել 8.5 միլիոն դրամ գրավի դիմաց արտերկրում սովորել ցանկացողներին տարկետում տալ, լուրջ դեմքով քննարկել չի լինի, քանի որ բոլորի համար ակնհայտ է, որ փոփոխությունն արվել է իշխանավորների և օլիգարխների երեխաներին բանակից ազատելու համար: Այսօր օրենքին վերաբերող քննարկման ժամանակ այս մասին ասել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Աշոտ Բլեյանը:

«Ես ասում եմ՝ վերացրեք տարկետումը՝ սովորելու հետ կապված: Վերացրեք խտրականությունը: Զինապարտ է մարդը՝ 18 տարեկան, կամ ծառայում է, կամ խուսափում է զինծառայությունից: Ես ընդհանրապես համարում եմ, որ եթե Հայաստանում արդարության համար պայքար լինի, ապա պետք է սկսվի այստեղից: Այլ հարց է, որ պետք է լինի պայմանագրային զինծառայություն: Ես կողմ եմ, որ պարտադիր զինծառայությունը լինի մեկ տարի, հարցը դա չի: Ես ասում եմ՝ չի կարելի օրենքում ստեղծել այդ խողովակը: Զինապարտությունն անջատեք կրթության իրավունքից», – նշել է Բլեյանը:

Ըստ նախկին նախարարի՝ գիտությունների թեկնածուների ճնշող մեծամասնությունը արական սեռի է, սակայն գործնականում անհնար է պարզել նրանց քանի տոկոսն է թեկնածու դարձել բանակից խուսափելու համար։

«Այն, որ մենք հանգիստ կարողանում ենք քննարկել, վկայում է, որ մենք չենք հաղթահարել, Վահան Տերյանի ասած, ծխական մտածողությունը։ Մենք օրենքը կարդում ենք իմ երեխայի, իմ ախպոր երեխայի աչքերով, մենք չենք նայում, որ քաղաքացիական հասարակություն է, որտեղ խտրությունը պետք է որևէ ձևով բացառվի։ Արդարությունը պետք է սկսվի հենց այնտեղից, որ իշխանության զավակները պետք է գնան, ծառայեն»,- ասել է Աշոտ Բլեյանը։

Հիշեցնենք, որ Կրթության և գիտության նախարարությունը գրավը ներմուծելու փոփոխությունն առաջարկել է՝ պատճառաբանելով, որ մինչ այժմ արական սեռի դիմողները, ստանալով կրթաթոշակներ և տարկետում արտերկրում սովորելու համար, խուսափում էին Հայաստան հետ վերադառնալուց և բանակում ծառայելուց։

Որևէ վիճակագրություն, թե քանի ուսանող չի վերադարձել Հայաստան արտերկրում սովորելուց հետո, նախարարությունը չի ներկայացրել։ Որոշումը ընդունվել է Կառավարության հունվարի 23-ի նիստում։