Home / Տեսանյութեր / «Բանդայի գործով» ամբաստանյալն ի վիճակի չի եղել դատարան գալ, ասել է հոգեբույժը

«Բանդայի գործով» ամբաստանյալն ի վիճակի չի եղել դատարան գալ, ասել է հոգեբույժը

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «բանդայի գործով» դատական նիստը երկրորդ անգամ անընդմեջ հետաձգվել է՝ ամբաստանյալներից մեկի՝ Քյարամ Ամոյանի հիվանդ լինելու պատճառով: Նախագահող Մեսրոպ Մակյանը հայտարարել է, որ դատարանը ստացել է Քյարամ Ամոյանին այցելած հոգեբույժի նամակն այն մասին, որ Ամոյանն ի վիճակի չէ գալ դատարան: Ինչպես Epress.am-ին փոխանցել է Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Էդուարդ Միքայելյանը՝ դատարանը չի նշել՝ ինչ ախտանիշներ կան Ամոյանի մոտ, ինչ բուժում է նա ստանալու:

Նշվել է միայն, որ եթե հաջորդ նիստին՝ փետրվարի 26-ին, Ամոյանը չներկայանա, ապա դատարանը կողմերի հետ կքննի առանց ամբաստանյալի նիստերը շարունակելու հարցը:

Հիշեցնենք, որ «Բանդայի գործով» ամբաստանյալների փաստաբանները բազմիցս հայտարարել են, որ իրենց պաշտպանյալների նկատմամբ խոշտանգումներ են իրականացվել: 

Գործով անցնում են 2011 թվականի սեպտեմբերին բնակարանային գողություններ կատարելու մեղադրանքով ձերբակալված 5 ամբաստանյալներ: Եվս մեկ մեղադրյալ՝ Արմեն Դալլաքյանը, մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 7-ին բանտում, նրա մասով գործը կարճվել է: Նրա մայրը ևս Epress.am-ին պատմել է, թե ինչպես էին վարվում որդու հետ: 

Նույն գործով անցնող ամբաստանյալ Արտյուշա Հակոբյանի հայրը՝ Սուրիկ Հակոբյանը, «Ժողովուրդ»-ին ասել է, որ Արման Դալլաքյանի աջ աչքը հանված է եղել։