Home / Հայաստան / Վանաձորում արդարություն պահանջող 500 մարդ սպասում էր Գևորգ Կոստանյանին․ նա չեկավ

Վանաձորում արդարություն պահանջող 500 մարդ սպասում էր Գևորգ Կոստանյանին․ նա չեկավ

Շուրջ 500 վանաձորցիներ այսօր Լոռվա մարզի դատախազության մոտ էին հավաքվել՝ սպասելով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի այցին։ Հավաքվածները պատրաստվում էին դատախազին իրենց դժգոհությունը հայտնել «Մուշ» ռեստորանում սպանված փաստաբան Սամվել Շարբաթյանի գործի քննությունից:

Դատախազին սպասող մարդիկ պնդում էին, որ քննությունը բազում խախտումներով է կատարվում:

Ինչպես Epress.am-ին հայտնել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը, բողոքի մասնակիցները համոզված են, որ ամբաստանյալներ Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի նկատմամբ անհիմն մեղադրանք է առաջադրվել, գործը ձգձգվում է արդեն մեկ տարի, և այս ողջ ընթացքում մեղադրյալները գտնվում են կալանքի տակ, ոստիկանությունը վկաներին դատարան բերման չի ենթարկում և այլն:

Գևորգ Կոստանյանը, սակայն, Վանաձոր չի այցելել, և բողոքի մասնակիցներից մի քանիսին, ինչպես նաև ամբաստանյալների հարազատներին, ընդունել է մարզի գլխավոր դատախազ Գրիգոր Էլիզբարյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Փաստաբանների պալատի անդամ 49-ամյա Սամվել Շարբաթյանի դիակը՝ բռնության հետքերով, հայտնաբերվել էր 2012թ. նոյեմբերի 18-ին «Մուշ» ռեստորանային համալիրում:

Ըստ պաշտոնական վարկածի՝ նոյեմբերի 18-ին, ժամը 22.00-ի սահմաններում, եղբայրներ Արտակ և Արեն Վերանյանները և Սամվել Դիլոյանը «Մուշ» ռեստորանային համալիրում հանդիպել են Սամվել Շարբաթյանին` անձնական հարցերի շուրջ նրանից պարզաբանումներ ստանալու: Արտակ և Արեն Վերանյանները վիճաբանել են Սամվել Շարբաթյանի հետ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել նրա հասցեին:

Ոստիկանության փոխանցմամբ՝ վիճաբանության ընթացքում Արտակ Վերանյանը, խլելով Շարբաթյանի ձեռքին եղած ատրճանակը, մի քանի անգամ կրակել է նրա ուղղությամբ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա դեմքին, մարմնին և սպանել նրան: