Home / Հայաստան / Ագրարային համալսարանը միայն «հայկուլիկները» չեն․ ՖՈՏՈ

Ագրարային համալսարանը միայն «հայկուլիկները» չեն․ ՖՈՏՈ

Հաճախ է խոսվում ԲՈՒՀ-երի ապաքաղաքականացված լինելու անհրաժեշտության մասին, սակայն ԲՈՒՀ-ը ոչ թե պետք է լինի ապաքաղաքականացված, այլ ապակուսակցականացված: Այս մասին ասված է Epress.am-ի էլեկտրոնային հասցեին ուղարկված նամակում, որի հեղինակները ներկայանում են որպես Ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ուսանողներ։ 

Նամակում, մասնավորապես, ասված է․

«Երեկ մի շարք անձինք խոչընդոտեցին ՀԱԿ ակտիվիստների կողմից թռուցիկների բաժանումը, ինչը սահմանադրությամբ վերջիններիս տրված իրավունքն է: Ցավալիորեն այդ «մի շարք անձանց» շարքում էին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսխորհրդի և դասախոսական անձնակազմի մի շարք ներկայացուցիչներ: Ուսխորհրդի, որը վեր է ածվել ՀՀԿ-ի տարածքային կառույցի, ուսխորհրդի, որը Երիտասարդական հիմնադրամների միջոցով տրամադրելով «կրթաթոշակներ», ուսանողներին է մատուցում Հանրապետական կուսակցության կուսակցական տոմսերը, հետագայում էլ՝ վերջիններիս օգտագործում ՀՀԿ-ի շահերը սպասարկելու համար:

Հաճախ է խոսվում ԲՈՒՀ-երի ապաքաղաքականացված լինելու անհրաժեշտության մասին: Սակայն ԲՈՒՀ-ը ոչ թե պետք է լինի ապաքաղաքականացված, այլ ապակուսակցականացված:

Ելնելով այս ամենից մենք, ՀԱԱՀ-ի որոշ ուսանողներ, գտնում ենք, որ ԲՈՒՀ-ը պետք է մասնակից դառնա քաղաքականությանը և լինի ապակուսակցականացված: Հետևաբար անհրաժեշտություն է առաջանում ուսխորհուրդները և կրթական համակարգը առհասարակ մաքրել նմանատիպ թափթփուկներից: Նման անձինք չեն կարող ներկայացնել ՀԱԱՀ-ն: ՀԱԱՀ-ն «հայկուլիկները» չեն, ՀԱԱՀ-ն այստեղ ուսանող և դասավանդող բազմաթիվ արժանապատիվ ՀՀ քաղաքացիներն են:

Հետևաբար մենք հայտարարում ենք, որ այսուհետ մարդու հիմնարար իրավունքներից և ազատություններից բխող այն բոլոր ակցիաները, գործընթացները, որոնք կխոչընդոտվեն փուչիկ կարենների, հայկուլիկներ, սաքուլիկների և նմանատիպ այլ ուլիկների կողմից, թափանցելու են համալսարաններ:

Առաջին քայլը արված է: Այսօր, ՀԱԱՀ-ի լսարաններում»։ 

Նամակին կցված են լուսանկարներ, որոնց վրա պատկերված են Մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ՝ լսարանների սեղաններին։ 

1-3

2-1

Նշենք, որ երեկվա միջադեպի ժամանակ ՀԱԿ ակտիվիստներին մոտեցած ՀՀԿ-ական երիտասարդները սպառնացել են նրանց «չանեն ջարդել»։ 2 լրագրողների, 5 ՀԱԿ ակտիվիստների հետ բերման են ենթարկվել նաև 5 ՀՀԿ-ականներ, որոնց հետագայում բաց են թողել և որոնց թվում է եղել Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Հայկ Ղևոնդյանը։ Ոստիկանության բաժնում բռնություն են կիրառել ՀԱԿ ակտիվիստների և լրագրողներ Անի Գևորգյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ։