Home / Տեսանյութեր / «Հեշտամոլը» չցուցադրելն ինքնակամ գրաքննություն է․ կինոգետ

«Հեշտամոլը» չցուցադրելն ինքնակամ գրաքննություն է․ կինոգետ

Հայտնի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի աղմկահարույց «Հեշտամոլ» (անգլերեն՝ Nymphomaniac-խմբ․) ֆիլմի հայտարարված ցուցադրումը չեղյալ համարելը ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնակամ գրաքննություն, այն էլ՝ անհեթեթ պատճառաբանություններով: Ֆիլմի ցուցադրության կասեցմանը անդրադառնալով՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այս մասին ասել է կինոգետ Զավեն Բոյաջյանը:

«Սինեմա Սթար» կինոթատրոնը նախ հայտարարել էր, որ ձեռք է բերել ֆիլմի ցուցարդության իրավունքը, ապա նշել, որ ցուցադրումը չի կայանա՝ պատճառաբանելով, որ որոշ հասարակական կազմակերպություններ դեմ են արտահայտվել դրան, ապա ներկայացրել ևս մեկ պատճառաբանություն, այն է՝ «Սինեմա Սթարը» ընտանեկան զվարճանքի տարածք է:

«Այս ամենից կարելի է եզրակացնել, որ «Սինեմա Սթար»-ի ղեկավարությունն այնպիսի մարդիկ են, որ չգիտեն՝ ինչով են զբաղված, շատ դիլետանտական մոտեցում ունեն: Եթե իրենց կինոթատրոնը ընտանեկան տարածք է, թող ցույց տային միայն այդ թեմայով ֆիլմեր»,- ասել է Զավեն Բոյաջյանը:

Կինոգետի խոսքով՝ հենց կինոթատրոնն էր հայտարարել, որ ցույց է տալու ֆիլմը, թեև ֆիլմը որակել էր որպես պոռնոդրամա և սխալ թարգմանություն էր արել՝ ֆիլմը անվանելով «Նիմֆոմանուհին»:

«Սա արվել է հետամնաց խավերին գայթակղելու միտումով: Այդպիսի ժանր գոյություն չունի, ուր մնաց դա փաթաթենք Լարս ֆոն Թրիերի վզին: Գնել է ցուցադրության իրավունք, և, ուստի իր պահվածքը անհասկանալի է, որ պատրաստ է իր հասույթից հրաժարվել, անհասկանալի ինչ-որ խմբերի տանուլ տալ: Լուրջ պատճառաբանություններ հավանաբար փնտրել պետք չէ: Սա արվում է հավանաբար վերևների ցուցումով»,- ասել է Զավեն Բոյաջյանը:

Կինոգետի խոսքով՝ ֆիլմի ցուցադրությունը չեղյալ համարելն իրեն ժողովրդավար համարող ցանկացած երկրում, այն էլ նման անհեթեթ պատճառաբանությամբ, անհասկանալի ու անբացատրելի կլինի ցանկացած եվրոպացու համար:

Բոյաջյանը հիշեցրել է, որ Հայաստանում որոշ ՀԿ-ների պահանջով խոչընդոտվել է ևս մեկ ֆիլմի ցուցադրում: Խոսքը սերբական «Պարադա» ֆիլմի մասին է: