Home / Տեսանյութեր / ՄԻՊ-ն ու ոստիկանությունը ստում են, պնդում են նախագահականի մոտից հեռացվածները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՄԻՊ-ն ու ոստիկանությունը ստում են, պնդում են նախագահականի մոտից հեռացվածները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դադարեցրել է քաղաքացի Էմմա Սահակյանի՝ պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքի քննարկումը, որով վերջինս տեղեկացրել էր 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ուժի կիրառմամբ բերման ենթարկվելու մասին և խնդրել օմբուդսմենի աջակցությունը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է Սահակյանը և նշել, որ օրեր առաջ ստացել է ՄԻՊ-ի, իր խոսքով, ծիծաղելի որոշումը։ Կինն ասել է, որ Անդրեասյանն ընդամենը հարցում է արել ոստիկանությանը, որի պատասխանում փաստերը բացահայտ կերպով խեղաթյուրված են։

«Նշված է՝ իբրև թե անհայտ քաղաքացին դիմել է Արաբկիրի ոստիկանության բաժին ու հայտնել, թե մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում ինքնաշեն պայթուցիկներով անկարգություններ են լինելու, ինչից հետո ոստիկանությունը խափանման ու կանխման ուղղությամբ համապատասխան միջոցառումներ է իրականցրել։ Նշված է նաև, որ այդ վայրում քաղաքացիների կյանքի ու առողջության անվտանգությունն ապահովելու նպատակով կազմակերպվել է տարհանում, որի ընթացքում տարհանվել եմ նաև ես», – Պաշտպանին ուղարկված ոստիկանության պարզաբանումը ներկայացրել է Սահակյանը։

Նրան խիստ զարմացրել է նաև այն, որ պաշտպանն իր նամակում հիշատակել է իր մշտական բնակության վայր չունենալու հանգամանքը, ինչին մինչ այժմ որևէ կերպ անդրադարձ չի եղել։

«2-րդ տարին է՝ արևին, անձրևին, քամուն, սառնամանիքին էստեղ կանգնած եմ, հանկարծ Պուտինի գալու օրը ոստիկանները հիշեցին, որ կլիմայական պայմանները թույլ չեն տվել ինձ թողնել փողոցում, դրա համար «ոստիկանները հրավիրել և ուղեկցել են բաժին»։ Քաշքշելով տարան, մի քանի հոգով սեղմում էին, որ մտցնեն մեքենան, տեսան, որ չի ստացվում, ոտք ու ձեռքս բռնեցին, մնացածը մեջքիցս սեղմելով մտցրին մեքենան, հիմա էլ գրության մեջ նշել են, որ Սահակյանը ուժի կիրառմամբ բերման չի ենթարկվել», – եզրափակել է կինը։

Նույն օրը նախագահական նստավայրի դիմացի մայթից հեռացվել է նաև շուրջօրյա նստացույց անցկացնող Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանի բազմազավակ ընտանիքը, սակայն միանգամայն այլ պարզաբանմամբ։

ՀՀ ոստիկանությունը, անդրադառնալով նույն օրը նշված վայրում տեղի ունեցած իրադարձություններին, պաշտոնական կայքում գրել է․

«2013 թվականի դեկտեմբերի 1-ին տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ Նախագահի նստավայրի մոտ նստացույց կատարող Աշոտ Խուդոյանը դեկտեմբերի 2-ին կարող է դիմել անկախատեսելի գործողությունների, ուստի 4 աշխատակիցներով մեկնելով Երևանի Բաղրամյան պողոտա և հանդիպելով Աշոտ Խուդոյանին և նրա կին Հեղինե Մակարյանին, ներկայացել են և առաջարկել հեռանալ նշված վայրից, քանի որ ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունենալու ՌԴ Նախագահի պաշտոնական այցելությունը:

Գիտակցելով ստեղծված իրավիճակը՝ նրանք իրենց անչափահաս 3 երեխաների հետ նստել են ոստիկանների առաջարկած ավտոմեքենան և խնդրել տանել տուն՝ Վաղարշապատի Շահումյան փողոց 27 հասցե, ուր հասնելուց հետո ամուսինները հայտնել են, որ իրենց 7 ամսական երեխային մոռացել են նստացույցի վայրում գտնվող արկղի մեջ»։

Մեր թղթակցի հետ զրույցում Խուդոյանի կինը՝ Հեղինե Մակարյանը, նշել է, որ ոստիկանությունը ստում է։ Նա պատմել է, որ դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 4-ից քաղաքացիական համազգեստով տղամարդիկ շրջել են տարածքում, իսկ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ուժի կիրառմամբ իրենց բերման են ենթարկել՝ ակցիայի վայրում թողնելով 8 ամսական երեխային։

«Ինձ, ամուսնուս ու 3 աղջիկներիս քնաթաթախ ու ոտաբոբիկ քարշ են տվել փողոց, ուժով նստեցրել են մեքենաները ու քշել Էջմիածին։ Ամբողջ ճանապարհին ես գոռում էի, որ տղաս մնացել է ակցիայի վայրում՝ ծածկոցների մեջ, իրենք ինձ ուշադրություն չէին դարձնում։ Ավելի ուշ ինչ -որ մեկի հետ հեռախոսազրույցից հետո բերման ենթարկողները իրար հետ խոսում էին, թե՝ «երեխուն մոռացել ենք»», – ասել է Մակարյանը։