Home / Տեսանյութեր / Շարքային բանսարկուն և չկռվածները․ Սերժ Սարգսյանին հակադարձում են

Շարքային բանսարկուն և չկռվածները․ Սերժ Սարգսյանին հակադարձում են

Սերժ Սարգսյանը շարքային բանսարկու է և նույնիսկ նախագահի աթոռը գողանալուց հետո բանսարկուից նախագահ չդարձավ։ Epress.am-ի հետ զրույցում ազատամարտիկների Ռազմադաշտային խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը նման կերպ է արձագանքել այսօր «Երկրապահ» կամավորական միության 10-րդ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանի հնչեցրած այն կարծիքին, թե հրապարակում պայքարող ազատամարտիկները մի քանի անհատներ են, որոնք նվնվում են։

«Այսօր պետք է հնչի երկրապահի ձայնը, խրոխտ, վստահ, չնայած ցավոք ունենք նաեւ տարբեր անհատների նվնվոցը տարբեր հրապարակներում, թե մենք երկիր ենք պահել, արյուն ենք թափել, կամ շատ բարձրացրեք մեր թոշակները, կամ էլ հեղափոխություն ենք անելու», – մասնավորապես, ասել է Սարգսյանը:

Ազատամարտիկը, հակադարձելով Սերժ Սարգսյանին, մի պատմություն է հիշել ու մի շարք հարցեր բարձրացրել․

«Մեր բակում Կորյուն անունով մի մարդ էր ապրում՝ քյոսա Կորյուն էինք ասում, հայրը սրան մի քանի մասնագիտությունների էր տվել, սա պահակ էր դարձել։ Մի օր էս Կորյունի հայրը բարկացած ասաց՝ «այ ժողովուրդ, էս շան որդուն ամեն փեշակի տվեցի, վերջը դարձավ շուն պահող»։ Հիմա Սերժինն է․ ոչ նախագահի անունը, ոչ էլ աթոռն էս մարդուն չփոխեցին՝ մնաց նույն բանսարկուն։ Այս մարդը չի հասկանում, որ իրենից ոչ մեկը թոշակ չի ուզում։ Ասում ենք՝ էդ որտեղի՞ց քո ՊԱԶ-իկ քշող ախպերը (նկատի ունի Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին – խմբ․) միլիարդատեր դարձավ, որտեղի՞ց են Քոչարյանի փողերը, ո՞վ է քո փեսա Միշիկը, էս ի՞նչ խաղեր եք տալիս, ինչո՞ւ եք թալանում էս երկիրը, ժողովուրդը սոված է։ Ինչ վերաբերում է հեղափոխությանը, ապա դրա օրն էլ գալու է՝ Սերժիկը չէ, իրա անցավորներն էլ, որ հողից դուրս գան, մինևնույնն է՝ անելու ենք»։

«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանն էլ համոզված է, որ Սերժ Սարգսյանի քայլը հատուկ նպատակ է հետապդնում՝ «որպեսզի դահլիճում ներկա չկռվածներին ապացուցի, որ կռվողները նրանք են»։

«Ինչ վերաբերում է այն ազատամարտիկներին, ովքեր ազատամարտիկի, պատվավճարի, պատերազմի մասնակցի մասին օրենք են պահանջում․․․ եթե նրանք բառաչում են, ուրեմն թող Սերժ Սարգսյանն ապահովի այդ օրենքների ընդունումը, որից հետո կտեսնենք՝ «նվնվացող» ազատամարտիկը ինչ կասի», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Խուդավերդյանը։

Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանն էլ հակադարձել է՝ «վերջում կերևա, թե ով է նվնվացողը»։

«Մենք չենք նվում, պահանջում ենք ու մեր խոսքին տեր ենք կանգնելու մինչև վերջ։ Սերժիկ, օրերդ հաշված են, ձայնալարերդ էլ լավ մշակված, էնպես որ երկար ես նվնվալու քո կլանով հանդերձ», – ասել է Մարգարյանը։

«Հետախույզ վետերանների միության» անդամ Արթուր Բունիաթյանը նշել է, թե տեղեկացված չէ՝ ինչ ենթադրություններ է անում, կամ ինչի մասին է ընդհանրապես խոսում Սերժ Սարգսյանը։ Այնուամենայնիվ, նա ընդգծել է, թե ինքը որևէ մեկնաբանություն տալ չի պատրաստվում՝ «միայն մի ուշունց կա, որին ««գերագույն, գլխավոր հրամանատարը» արժանի է ու վերջ»։