Home / Տեսանյութեր / ՔԿՀ-ում դատապարտյալից գումար են պահանջել․ վերջինս կարել է բերանը

ՔԿՀ-ում դատապարտյալից գումար են պահանջել․ վերջինս կարել է բերանը

«Գորիս» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Արթուր Պապիկյանը փետրվարի 13-ին հացադուլ է հայտարարել և կարել է բերանը՝ բողոքելով ՔԿՀ-ի վարչակազմի կամայականությունների դեմ: Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել Պապիկյանի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Գայանե Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Պապիկյանի նկատմամբ վարչակազմի կողմից անհիմն ճնշումներ են իրականացվում, իսկ իր՝ փաստաբանի զանգերին վարչակազմից հրաժարվում են պատասխանել, և որևէ տեղեկատվություն չի տրամադրվում:

«Պապիկյանին զայրացրել է այն հանգամանքը, որ մի կին անհիմն բողոք է ներկայացրել՝ իբրև թե Արթուրը իրենից գումար է վերցրել, ինչից հետո «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալը, բողոքին ընթացք չտալու համար, Պապիկյանից գումար է պահանջել։ Քանի որ վերջինս հրաժարվել է գումար տալ, սկսել են տարբեր ձևերով անհանգստացնել, օրինակ, անընդհատ խուզարկել սենյակը։ Որպեսզի հանգիստ թողնեն, Արթուրը կարել է բերանը», – պատմել է փաստաբանը։

Խաչատրյանը նշել է, որ իր պաշտպանյալի բերանը կարելու մասին ահազանգել է նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության թեժ գծին։

Epress.am-ի թղթակիցը մի քանի անգամ փորձել է «Գորիս» ՔԿՀ-ից Պապիկյանի վերաբերյալ տեղեկատվություն ստանալ, սակայն հեռախոսազանգերին պատասխանողները, ովքեր չեն ներկայացել, նշել են, որ իրենք իրավասու պատասխանել հարցերին։

Պապիկյանը դատապարտվել է 2008 թվականին ավազակային հարձակման, խաբեությամբ գույքի հափշտակության մեղադրանքով։