Home / Հայաստան / Թուրք պատգամավորները ծեծել են միմյանց դատավորների մասին օրենքի պատճառով

Թուրք պատգամավորները ծեծել են միմյանց դատավորների մասին օրենքի պատճառով

Փետրվարի 15-ին Թուրքիայի խորհրդարանի տասնյակ պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել՝ կառավարության կողմից ներկայացված՝ Դատավորների և դատախազների գերագույն խորհրդի վերաբերյալ օրինագծի 20 ժամ տևած լարված քննարկան ժամանակ։

Ընդդիմադիր և իշխող կուսակցության պատգամավորները վիրավորանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, իսկ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներից մեկի հարձակումից հետո ընդդիմադիր պատգամավոր Ալի Իհսան Քյոքթուրքը կթի կոտրվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց։

Անցյալ շաբաթ, երբ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, չնայած ներքին ու արտաքին քննադատությանը, հայտարարեց օրենքը ներկայացնելու իր որոշման մասին, ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը, իր հերթին, հայտարարեց, որ օրինագիծը կտանի Սահմանադրական դատարան՝ այն անվավեր ճանաչելու պահանջով։

Փետրվարի 16-ին՝ լրագրողների հետ զրույցում, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, սակայն, հայտարարեց, որ ընդդիմադիր կուսակցությունն իրավունք չունի օրենքը բողոքարկել դատարանում, քանի դեռ այն ուժի մեջ չի մտել։

«Ցավոք, Հանրապետական ժողովրդական կուսակցությունն ու այլ ընդդիմադիր կուսակցությունները խեղաթյուրում են փաստերն ու ստեղծում մթնոլորտ, թե իբր հանրաքվեի ժամանակ ընդունված սահմանադրական փոփոխությունները լուծարվում են ու [համակարգում] հետընթաց է գրանցվում»,- նշել է Բոզդաղը՝ նկատի ունենալով 2010 թվականին տեղի ունեցած հանրաքվեն, որով Թուրքիայի դատական համակարգը, մասնավորապես, Դատավորների և դատախազների գերագույն խորհուրդն ու Վերաքննիչ դատարանը, էական փոփոխությունների էր ենթարկվել։

Ընդդիմադիր կուսակցությունները պնդում են, որ Դատավորների և դատախազների գերագույն խորհրդին վերաբերող օրինագծի նպատակն է քողարկել դեկտեմբերի 17-ին բռնկված խոշոր կոռուպցիոն սկանդալի գործով հետաքննությունը, որի ընթացքում հարցաքննվել են մի շարք հայտնի գործարարներ, նախարարների որդիներ ու պետական պաշտոնյաներ, այդ թվում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը։

Փետրվարի 15-ի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորներից մեկը վարչապետ Էրդողանին անվանել է բռնապետ․ ի պատասխան, իշխող կուսակցության պատգամավորները բղավել են՝ «Կարո՞ղ է՝ հարբած ես»։