Home / Հայաստան / Արտագաղթն ու 90-ականները․ Բագրատյանը հակադարձում է Սերժ Սարգսյանին

Արտագաղթն ու 90-ականները․ Բագրատյանը հակադարձում է Սերժ Սարգսյանին

ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հակադարձել է Սերժ Սարգսյանին, ով փետրվարի 15-ին հնչեցրած իր ելույթում նշել է, թե 90-ականներին (Բագրատյանը վարչապետ է եղել 93-ից 95-ը – խմբ․) արտագաղթն ավելի մեծ է եղել։

Բագրատյանի խոսքով՝ Հայաստանից արտագաղթած 577 հազար մարդուց 330 հազարը եղել են Ադրբեջանից եկած փախստականները:

«Այսինքն, դուրս է եկել ՀՀ 247 հազ քաղաքացի 6 տարում։ Բայց այդ 6 տարուց 3-ը պատերազմ է եղել։ Այո դժբախտաբար ձեզ հետ միասին (այն ժամանակ դուք էլ էիք կառավարության անդամ) մենք չկարողացանք նրանց պահել։ Բա պատերազմը։ Հաղթանակների 90 տոկոսը եղել է, երբ կառավարությունում էիք իմ վարչապետության օրոք: Այդ ի՞նչն է ձեզ այդքան վրդովեցնում։ Այն ժամանակ ասեիք, որ եկեք հաշտություն կնքենք Ադրբեջանի հետ ցանկացած գնով։ Բաքվից ու Կիրովաբադից եկած ժողովուրդն էլ երևի մնար երկրում։ Բա ինչո՞ւ չէիք առաջարկում»,- գրել է Հրանտ Բագրատյանը:

Նախկին վարչապետը նշել է, որ առաջին տնտեսական աճից հետո (1994-1996թթ), արտագաղթը տասնապատիկ անկում է ապրել։ Համեմատելու համար Բագրատյանը հիշեցրել է, որ վերջին 6 տարում երկրից արտագաղթել է 230 հազար մարդ:

«Բա ամոթ չի՞։ 1995-ն ավելի լավ է եղել, քան 2013-ը։ Բացի այդ, ասում եք՝ արտագաղթի տեմպը նվազում է։ Դուք չգիտեք, որ փոքր թվից փոքր էլ արտագաղթ կլինի»,- գրել է Հրանտ Բագրատյանը: