Home / Տեսանյութեր / Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ նպատակ ունի «ժողովրդավար կերպով իշխանության գալ»

Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ նպատակ ունի «ժողովրդավար կերպով իշխանության գալ»

«Ես այլևս թույլ չեմ տա, որ մենք իրար այսքան կարոտենք» խոսքերով է այսօր «Անի Պլազա» հյուրանոցում քաղաքացիների հետ իր հանդիպումը սկսել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ամփոփելով, ինչպես ինքն է ասել, 2013 թվականի նախագահական ընտրությունների կեղծման մեկ տարին: Ամփոփմանը ներկա էր մոտ 100 հոգի, որոնց մեծ մասը տարեցներ էին, մեծ թիվ էին կազմում նաև ազատամարտիկները:

Րաֆֆի Հովհաննիսյանն «ազգային տարեկան ուղերձ» անվանումը կրող իր խոսքում ասել է, որ օր առաջ պետք է ստեղծվի ընդհանուր, միասնական հրապարակ, որով մինչև ապրիլի 9-ն ավարտին կհասցվի «անցյալ տարի կիսատ թողնված գործը»:

«Դա մի հոգու գործ չէ, այլ ազգի գործն է»,- ասել է Հովհաննիսյանը՝ նշելով, որ պայքարի իր հանգրվանը ժողովրդավար կերպով իշխանության գալն է:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա փետրվարի 18-ին կայացած ընտրություններում, ըստ պաշտոնական արդյունքների, Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքել էր ձայների 37 տոկոսը, իսկ Սերժ Սարգսյանը՝ 58 տոկոսը։ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև ապրիլի 9-ը՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, վիճարկում էր ընտրությունների արդյունքները՝ հանրահավաքներ կազմակերպելով։

Հովհաննիսյանն իր ելույթի սկզբում մեջբերել է Սերժ Սարգսյանի այն խոսքերը, թե հային միայն զենքով կա փրկություն: «Ժառանգության» առաջնորդի դիտարկմամբ՝ հասարակության մեծ մասը համաձայն է այդ տեսակետի հետ, ուստի քաղաքացիական պատերազմը կանխելու համար՝ քաղաքական ուժերը պետք է համապարփակ լուծում գտնեն, ճեղքեն փակ շրջանը: Իսկ այդ փակ շրջանը, Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, ընտրությունների կեղծված լինելու հետևանքն է ու արդյունքը:

Իր գնահատմամբ՝ ապօրինի իշխանության մեկ տարվա մասին խոսելով՝ Հովհաննիսյանը նշել է, որ իշխանությունը երկիրը վարձակալության է տվել, արտաքին քաղաքականությունում իշխում է վասալային տրամաբանությունը, մի գիշերվա ընթացքում ջուրն է նետել ԵՄ-ի հետ բանակցությունները, ընդունել է օրենքներ, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ պետական ռեկետ:

«Փառք հայրենիքի համար ընկած զինվորներին, բայց հազար ամոթ այն գծուծ մարդկանց, որ օգտագործում են նրանց մահը իրենց իշխանությունը պահելու համար: Ընտրագողությունը չունի վաղեմության ժամկետ, այն համաներում չունի»,- ասել է Հովհաննիսյանը:

«Ժառանգության» առաջնորդը կարևոր է համարել միասնական ընդդիմության ստեղծումը: Նրա խոսքով՝ ժամանակը ցույց է տվել, որ ոչ «Ժառանգությունը», ոչ այլ մարտիկները չեն հեռացել մարտադաշտից:

Նա գովել է նաև կուտակային կենսաթոշակային համարարգի դեմ 4 ոչ կոալիցիոն ուժերի համագործակցված պայքարը: Հովհաննիսյանի խոսքով՝ ապրօինի իշխանությունից ազատվելու համար պետք է միասնական հրապարակ: