Home / Հայաստան / «Գորիս» ՔԿՀ-ում կալանավորը քանդել է բերանի կարերը և դադարեցրել է հացադուլը

«Գորիս» ՔԿՀ-ում կալանավորը քանդել է բերանի կարերը և դադարեցրել է հացադուլը

«Գորիս» ՔԿՀ-ում փետրվարի 13-ին հացադուլի ու բերանը կարելու միջոցով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի դեմ բողոքող Արթուր Պապիկյանը դադարեցրել է հացադուլն ու քանդել է բերանի կարերը։ Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է վերջինիս պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Գայանե Խաչատրյանը։

Փաստաբանն ընդգծել է, որ Еpress.am-ի՝ «ՔԿՀ-ում դատապարտյալից գումար են պահանջել․ վերջինս կարել է բերանը» հրապարակումից հետո ՄԻՊ-ի գրասենյակը կապվել է «Գորիս» ՔԿՀ-ի ղեկավարության հետ՝ զրուցելով խնդրի մասին։

Զանգից հետո «Գորիս» ՔԿՀ-ի պետը, իր հերթին, զրուցել է Պապիկյանի հետ և վերջինս պետի հորդորով դադարեցրել է հացադուլը և քանդել է բերանի կարերը։ ՔԿՀ-ի պետը խոստացել է, որ Պապիկյանի դեմ բողոքին ընթացք չի տրվի։

Փաստաբանը նշել է, որ թե՛ ՄԻՊ գրասենյակի, թե՛ լրագրողների, թե իր զանգերն իրենց դերը խաղացել են։

Խաչատրյանը ավելի վաղ պատմել էր կալանավորի հացադուլի պատճառների մասին։

«Պապիկյանին զայրացրել է այն հանգամանքը, որ մի կին անհիմն բողոք է ներկայացրել՝ իբրև թե Արթուրը իրենից գումար է վերցրել, ինչից հետո «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալը, բողոքին ընթացք չտալու համար, Պապիկյանից գումար է պահանջել։ Քանի որ վերջինս հրաժարվել է գումար տալ, սկսել են տարբեր ձևերով անհանգստացնել, օրինակ, անընդհատ խուզարկել սենյակը։ Որպեսզի հանգիստ թողնեն, Արթուրը կարել է բերանը», – պատմել է փաստաբանը։

Պապիկյանը դատապարտվել է 2008 թվականին ավազակային հարձակման, խաբեությամբ գույքի հափշտակության մեղադրանքով։