Home / Տեսանյութեր / Ինչ արժեք ունեն խոսքերը. Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի ելույթների մասին

Ինչ արժեք ունեն խոսքերը. Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի ելույթների մասին

Անկախ այն բանից, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որքան արմատական ելույթ կունենա, անկախ այն բանից՝ ընդդիմադիր կամ իրենց այլընտրանք համարող ուժերը կմիավորվեն, թե ոչ, նրանց չի հաջողվի որևէ բան փոխել քաղաքական դաշտում, եթե չունենան աշխարհագրական կենտրոններից մեկի՝ Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի աջակցությունը: Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Այնուամենայնիվ, վերլուծելով փետրվարի 15-ին ԲՀԿ 7-րդ համագումարի ժամանակ հնչեցրած կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը, փորձագետն ասել է, որ այս անգամ այն ավելի արմատական էր, քան նախորդ համագումարներին էր:

«Բայց ասել, որ դրանով լուրջ փոփոխություն տեղի ունեցավ կամ որ ելույթը գործի կեսն էր, այդպես չէ: Մենք շատ ավելի արմատական ելույթներ էլ ենք լսել: Էական է, թե ինչ գործողություններ կհետևեն այդ ելույթին, կստանա՞ արդյոք ԲՀԿ-ն աշխարհագրական կենտրոնների կողմից աջակցություն», – նշել է Բադալյանը:

Անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական ուժերին համախմբելու ԲՀԿ հայտարարությանը՝ Բադալյանն ասել է, որ իրար շուրջ չէ, որ պետք է համախմբվել, այլ կոնկրետ խնդրի շուրջ, ինչպես, օրինակ, արվել է կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարի ընթացքում:

«Որևէ խնդրի շուրջ համախմբվելուց հետո՝ ոչ իշխանական ուժերը պետք է ստանան աշխարհագրական կենտրոններից մեկի աջակցությունը, այլապես ինչ էլ առաջարկեն, ԱԺ-ում կտապալվեն, քանի որ ՀՀԿ-ն մեծամասնություն է և այն քվեարկում է մեկ մարդու պես՝ լինի դա կուտակային կենսաթոշակը, թե կառավարությանն անվստահություն հայտնելը: Աշխարհագրական ուժերը ոչ միայն կաջակցեն, այլև ճնշում կգործադրեն իշխանության վրա»,- ասել է Բադալյանը:

Փորձագետին խնդրել ենք նաև կարծիք հայտնել փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարի ժամանակ հնչեցրած Սերժ Սարգսյանի ելույթի մասին, ինչին ի պատասխան Բադալյանը նշել է, որ այդ ելույթն իմաստ չունի բովանդակային վերլուծության ենթարկել:

«Ընդհանրապես նախագահի ելույթից կարելի է խոսել, երբ նոր է ընտրվել, խոստումներ է տալիս, գոնե երբ ընդամենը մի տարի է նախագահում, բայց Սերժ Սարգսյանը 6 տարի է նախագահ է, նրա ելույթը լսելու անհրաժեշտություն չկա, որովհետև 6 տարին ապացուցել են, որ նա տանուլ է տվել բոլոր ոլորտներում: Արտագաղթը հասել է 400-500 հազարի, դատական համակարգը փաստացի չի գործում, փոքր բիզնեսի ներկայացուցիչները փախել են Վրաստան կամ այլ երկրներ, իսկ արտաքին քաղաքականությունն այն վիճակում է, որ բացահայտ խեղկատատի տեղ են դնում Հայաստանը»,- ասել է Բադալյանը: