Home / Հայաստան / Կիևում 25 մարդ է զոհվել․ նրանց թվում՝ լրագրող

Կիևում 25 մարդ է զոհվել․ նրանց թվում՝ լրագրող

Ուկրաինայի Առողջապահության նախարարությունը հայտնում, որ Կիևի բախումների հետևանքով մահացած քաղաքացիները թիվը հասել է 25-ի։ Զոհերի թվում է նաև «Վեստի» թերթի լրագրող Վյաչեսլավ Վերեմիյը, ով երեկ տեղի ունեցած բախումների ժամանակ հրազենային վնասվածք է ստացել ու ավելի ուշ մահացել հիվանդանոցում։

Ցուցարարների հետ բախումների ժամանակ ավելի քան 70 իրավապահներ հրազենային վնասվածքներ են ստացել, նրանցից 9-ը մահացել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով Ուկրաինայի ՆԳ նախարարությանը։

Ուկրաինայի ՆԳՆ-ն ենթադրում է, որ իրավապահները սպանվել են բողոքող ծայրահեղականների կողմից, քանի որ, համաձայն վարչության, իրավապահ մարմինների աշխատակիցները հրազեն չեն օգտագործում։

Ուկրաինայի մայրաքաղաքից ստացվող կադրերը, սակայն, այլ բանի մասին են վկայում։ Տեսանյութերում ակնհայտ երևում է, որ իրավապահները հրազեն են օգտագործում, իսկ մահացած քաղաքացիներից շատերը հենց հրազենային վնասվածքներ են ստացել։

Դեպքերի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը․ «Ընդդիմության առաջնորդներին, որոնք պնդում են, որ ձգտում են խաղաղ կարգավորման, ևս մեկ անգամ կոչ եմ անում ազատվել այն ծայրահեղական ուժերից, որոնք հրահրում են արյունահեղություն ու բախումներ իրավապահ մարմինների հետ։ Հակառակ դեպքում, եթե չեն ուզում հեռանալ, ընդունել, որ իրենք աջակցում են ծայրահեղականներին։ Այդ ժամանակ նրանց հետ այլ խոսակցություն կտարվի»։

Լուսանկարը և տեսանյութը՝ Espreso.tv