Home / Հայաստան / Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանը մոտ 300 միլիոն է պահանջել ամբաստանյալներից

Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանը մոտ 300 միլիոն է պահանջել ամբաստանյալներից

«Հարսնաքարի գործով» տուժողի՝ Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն այսօր Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական հայց է ներկայացրել, որով բարոյական վնասի փոխհատուցում է պահանջել ամբաստանյալներից 297 միլիոն 51 հազար դրամի չափով:

Տիգրան Եգորյանն իր պահաջում նշել է, որ տուժողներ Արտակ Բայադյանին և Գարիկ Սողոմոնյանին պետք է վճարել հնգ֊ական միլիոն դրամ փոխհատուցում, իսկ տուժողներ Էդգար Նիկոյանին և Արկադի Աղաջանյանին՝ երկու միլիոն հինգ հարյուր հազարական դրամ: Մնացած գումարը որպես փոխհատուցում է պահանջվել Վահե Ավետյանի կնոջը և երկու անչափահաս երեխաների համար՝ 52 միլիոնը որպես նյութական վնասի փոխհատուցում, իսկ 250 միլիոնը՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Քաղհայցը բավարարելու համար Եգորյանը պահանջել է արգելանք դնել ամբաստանյալների, ինչպես նաև «Հարսնաքարի» սեփականատեր, գործով որպես վկա անցնող Ռուբեն Հայրապետյանի գույքի և դրամական միջոցների վրա։

Քաղհայցի մասին պաշտպանական կողմը դիրքորոշում կհայտնի հաջորդ դատական նիստին՝ մարտի 12-ին։ 

Վահե Ավետյանն իր ընկերների հետ ծեծի էր ենթարկվել 2012 թվականի հունիսի 17-ին: Ավետյանը 12 օր անց մահացել էր հիվանդանոցում: Ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանի, Արման Խաչատրյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Բաղդասարյանի, Արթուր Բաբլոյանի և Դավիթ Ադամյանի համար մեղադրող դատախազ Արմեն Դավթյանը 13 տարի ազատազրկում է պահանջել: Համաձայն դատարան ներկայացված փաստաթղթերի, մեղադրյալները աշխատում էին «Հարսնաքար» համալիրում, որը պատկանում է ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Վերջինս տուժող կողմի պահանջով ներկայացել է դատարան և ցուցմունք է տվել՝ պնդելով, որ չի իմացել տեղի ունեցածի մասին: