Home / Տեսանյութեր / Կուտակայինի դեմ պայքարողները, դահլիճ ներխուժելով, խափանել են համաժողովի ընթացքը (ՎԻԴԵՈ)

Կուտակայինի դեմ պայքարողները, դահլիճ ներխուժելով, խափանել են համաժողովի ընթացքը (ՎԻԴԵՈ)

«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամներն այսօր խանգարել են «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի կազմակերպած կենսաթոշակային երրորդ համաժողովի աշխատանքները, որոնք մեկնարկել են Երևանի «Էլիտ Պլազա» կենտրոնում։

Նախաձեռնության անդամները համաժողովի անցկացման մասին պատահմամբ տեղեկացել են մեկնարկից րոպեներ առաջ և շտապել են մասնակցել միջոցառմանը, սակայն կազմակերպիչները թույլ չեն տվել մտնել դահլիճ՝ պատճառաբանելով, թե ձևաչափը թույլ չի տալիս մասնակցել քննարկմանը։

Նշենք, որ քննարկմանը մասնակցել են ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, տարբեր փորձագետներ, ինչպես նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով շենքից հեռացել է մինչ նախաձեռնության անդամների ժամանելը։

Բողոքող երիտասարդներին, սակայն, հաջողվել է մտնել դահլիճ, ընդհատել փորձագետներից մեկի ելույթը և ելույթի իրավունք պահանջել, ինչին ի պատասխան՝ կազմակերպիչներն ասել են, որ հանդիպմանը մասնակցում են միմիայն միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և ելույթի իրավունք կարող են տրամադրել հանդիպման ավարտին։

Նախաձեռնության անդամները պահանջել են, որպեսզի իրենց թույլ տան ելույթ ունենալ քննարկման ընթացքում, այլ ոչ թե ավարտին, ինչից հետո համաժողովը ընդհատել է աշխատանքները, և կազմակերպիչները ուժով դահլիճից հեռացրել են կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող երիտասարդներին։

Մինչ երիտասարդները բողոքում էին, համաժողովին ներկաները կամաց-կամաց սկսել են հեռանալ դահլիճից։