Home / Տեսանյութեր / Թաղում ու դեմագոգիա․ ԱԺ-ում քննարկել են ստեղծվելիք գազային հանձնաժողովը

Թաղում ու դեմագոգիա․ ԱԺ-ում քննարկել են ստեղծվելիք գազային հանձնաժողովը

ԱԺ կոալիցիոն ուժերը համոզված են, որ գազային հանձնաժողովի փակ լինելը չի խոչընդոտի, որպեսզի այն թափանցիկ աշխատի: Անդրադառնալով ստեղծվելիք հանձնաժողովին՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասել է, որ ոչ կոալիցիոն ուժերն ազատ են հանձնաժողովի նիստերից հետո տեսախցիկների առջև ասել այն, ինչ կցանկանան, կարող են նիստերին տեղի ունեցածը պատմել լրագրողներին:

Նշենք, որ ստեղծվելիք հանձնաժողովը պետք է քննի այն գազի գնին, Ռուսաստանի պարտքին և «Հայռուսգազարդ» ընկերության բաժնեմասի վաճառքին առանչվող գազային պայմանագրերը, որոնք անցյալ տարի կնքվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև։

Եսայանը նաև անդրադարձել է ոչ կոալիցոն ուժերի այն դժգոհությանը, թե հանձնաժողովի նախագահը ՀՀԿ-ից պետք է լինի։

«ԱԺ-ում մեծամասնությունը հենց նրանով է մեծամասնություն, որ կարող է հանձնաժողովում էլ ունենալ մեծամասնություն, նախագահն էլ լինի մեծամասնությունից»,- ասել է Եսայանը:

ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն ասել է, որ ԱԺ-ն նման կերպ գործող հանձնաժողովների աշխատանքը կազմակերպելու փորձ ունի։ Որպես օրինակ Մարգարյանը հիշեցրել է Մարտի 1-ի հանձնաժողովը, որի նախագահը նույնպես ՀՀԿ-ական է եղել (Սամվել Նիկոյանը)։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է, որ իրենց կուսակցության համար գազային հանձնաժողովի նկատմամբ մոտեցումը շատ հստակ է․

«Մենք երբեք փիառ նպատակներ չենք հետապնդել: Ապացույցն այն է, որ ՀՅԴ-ն առաջարկել էր գազային հանձնաժողով ստեղծել դեռևս 2010 թվականին: Էդ թաքունությունն ինձ դուր չի գալիս, բայց ոչինչ չի կարող ինձ կաշկանդել ասել դրսում այն, ինչ ուզում եմ»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց է բարձրացրել՝ արդյոք ԱԺ-ում ստեղծվում է ճշմարտության թաղման, թե ճշմարտության բացահայտման հանձնաժողով:

ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ ինքը չի կասկածում՝ ՀՀԿ-ն մտադրություն չունի բացահայտելու գազային պայմանագրերը:

«Եթե ձեր նպատակը դա լիներ, ապա պետությունը չէիք դարձնի մի գազային ընկերության ֆան կլուբը, մի գազային ընկերության դուստր ձեռնարկությունը», – ասել է Զոհրաբյանը: Պատգամավորը նշել է՝ իրենց համար սկզբունքային է, որ հանձաժողովը եզրակացություն հրապարակի մայիսին, ոչ թե նոյեմբերին, ինչպես առաջարկում է ՀՀԿ-ն:

Խնդրին անդրադառնալով՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ ճիշտ չէ վարկաբեկել այն հանձնաժողովը, որը չի ստեղծվել:

Նա վստահեցրել է, որ հանձնաժողովը լավ կաշխատի, իսկ դռնփակ աշխատելու հանգամանքը մտահոգիչ չի կարող լինել, եթե «պատգամավորները դեմագոգիայով չեն զբաղվելու»: