Home / Հայաստան / Լևոն Զուրաբյանը հորդորել է նաիրիտցիներին մասնակցել իշխանության դեմ անցկացվող բոլոր ակցիաներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լևոն Զուրաբյանը հորդորել է նաիրիտցիներին մասնակցել իշխանության դեմ անցկացվող բոլոր ակցիաներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր «Նաիրիտ» գործարանի մի քանի տասնյակ աշխատակիցներ Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել։ Նույն ժամանակ ԱԺ-ում քննարկվում էր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ «Նաիրիտ» գործարանի մասնավորեցման, անգործության մեջ մեղադրվող անձանց պատասխանատվության ենթարկելու հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը։

Լրագրողների հետ զրույցում աշխատակիցները նշել են, թե ՀՅԴ-ի մտահաղացումն իրենց շատ է ոգևորել՝ «միայն թե սրիկա իշխանությունները թույլ տան, որ գործարանն աշխատի»։

«Էլ ապրելու ձև չկա, կամ մենք ենք էս երկրից գնալու, կամ էլ՝ իշխանավորները։ Հերիք չէ գործարանը կերան, հիմա էլ մեզ են ուտում։ Մի քանի օր առաջ 2012-ի նոյեմբերի աշխատավարձն են տվել ու վերջ, էլի անհայտ ժամանակով սպասելու ենք», – նշել է ակցիայի մասնակիցներից մեկը, ով չի ներկայացել։

ԱԺ-ում քննարկման ավարտից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն և ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը մոտեցել են նաիրիտցիներին ու զրուցել նրանց հետ։

Մինասյանը նշել է, որ այսօր ամենակարևոր խնդիրը գործարանի ճակատագիրն է․ «Նաիրիտ»-ը պետք է աշխատի ու 3000 աշխատողները պետք է ունենան ամենօրյա աշխատանք, ինչպես նաև նորմալ ստանան իրենց աշխատավարձերը։ Հիմնական նպատակը «Նաիրիտի» քլորոպրենային կաուչուկը միջազգաին շուկայում վերացնելն է և գործարանը այլ հարթություն տեղափոխելն է։ Քաղաքական մեծամասնությունը, դեմ լինելով այս նախաձեռնությանը, ի վերջո հասկացավ, և ԱԺ նախագահն իր ելույթում ասաց, թե համաձայն են քննարկել գործարանի հարցը և մինչև աշուն կանդրադառնան դրան։ Վաղը առավոտյան քվեարկվելու է այս հարցը, բնականաբար, քաղաքական մեծամասնությունը դեմ կքվեարկի, բայց մենք մեր պայքարը չենք դադարեցնի, ավելին՝ ԱԺ նախագահից պահանջելու ենք օրակարգում պահել հարցը»։

Զուրաբյանը խոստացել է մշտական վերահսկողության տակ պահել հարցը և կոչ է արել ակտիվ մասնակցություն ունենալ սեփական իրավունքների պաշտպանության, ինչպես նաև իշխանություններ դեմ մղվող բոլոր ակցիաներին՝ «իշխանությունները կնահանջեն մի դեպքում, երբ հրապարակում հավաքված ժողովուրդ տեսնեն»։