Home / Հայաստան / Յան տվեք մեծամասնությունից․ ՀՀԿ-ականի պատասխանը՝ քննադատներին

Յան տվեք մեծամասնությունից․ ՀՀԿ-ականի պատասխանը՝ քննադատներին

Թեև ՀՀԿ-ականներն են ոչ իշխանական ուժերին մեղադրում քաղաքական շահարկումներ անելու մեջ, իրականում ՀՀԿ-ն է դա անում: Այս մասին «Նաիրիտ» գործարանի խնդիրներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

«Ի՞նչն ենք շահարկում։ Երբ ասում ենք, որ 2500 աշխատակիցներ իրենց ամեն ամսվա 100-150 հազար աշխատավարձը ստանալու համար պայքարում են, իսկ վարչապետի փոխտնօրեն եղբայրը 42 մլն վերջնահաշվա՞րկ է ստանում։ Դա չի հերքել «Նաիրիտ»-ի մամուլի ծառայությունը՝ ասելով՝ այո, ստացել է, բայց 42 մլն չի եղել, մի քիչ պակաս է եղել: Լավ, թող շատ ավելի պակաս լինի: Դա՞ է քաղաքական շահարկում, որ ասում ենք, ինչպես է լինում, որ վարչապետի մյուս եղբայրը, գույքը արտահանել է Չինաստան ու հիմա «Նաիրիտ»-ը որպես ջարդոն պիտի վաճառվի»,- ասել է Զոհրաբյանը:

Չինաստանի հետ «մութ գործարքներից» խոսել է նաև ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը: Նա ասել է, որ Հայաստանում միայն երեք ԾԻԳ-եր (Ծրագրերի իրականացման գործակալություն) ստեղծվել են, որպեսզի ՀՀԿ-ական վարչապետ Տիգրան Սարգսյանի հարազատները աշխատանք ունենան: Վարչապետի սանիկը դարձել է Ֆինանսերի նախարար (Դավիթ Սարգսյան), վերջինիս կինը ևս բարձր պաշտոն է ստացել:

ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը (լուսանկարում՝ աջից), հակադարձելով քննադատներին, ասել է, որ «եթե որոշ մարդիկ այդքան շատ են մտածում երկրի մասին, թող չվերցնեին մի քանի մոնոպոլիաներ»՝ չնշելով, թե ում նկատի ունի:

Նա ասել է, որ մարդիկ սկսել են կոալիցիային քննադատել միայն այն պատճառով, որ հիմա արդեն կոալիցիայի մաս չեն՝ նկատի ունենալով ԲՀԿ-ին:

«Յան տվեք մեծամասնությունից», – ասել է Այվազյանը: