Home / Տեսանյութեր / Հերոսությունը թշնամուն հաղթելու մեջ չէ․ Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու մասին

Հերոսությունը թշնամուն հաղթելու մեջ չէ․ Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու մասին

Մարտի 1-ի հարցերը քննող հանձնաժողովի ստեղծման առաջարկը շանս է մեծամասնությանը՝ վերականգնվելու համար: Այսօր հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող քննարկման ժամանակ այս մասին Ազգային ժողովում ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

«Եթե Մարտի 1-ը պատժվեր, Կիևի Մայդանը կարող էր չլինել», – ասել է պատգամավորը:

Նա հիշեցրել է, որ 2008 թվականի մարտի 1-ին 10 մարդ է սպանվել, բայց մինչ օրս մեղավորներ չկան:

«Եթե ընդդիմությունն է մեղավոր, գտնենք այդ մեղավորներին: Եթե ոչ, ապա վարվենք այնպես, ինչպես վարվում ենք, երբ բարիկադ կա. գիտենք ովքեր են մերոնք, ովքեր են նրանք: Սա հազվագյուտ շանս է մեծամասնության համար: Այլապես ջրբաժան է սկսվում, մեր մեջ բարիկադ է դրվում: Ոչ ոք ոչ մեկին չի մեղադրում, ասում ենք՝ եկեք պարզենք», – ասել է Հրանտ Բագրատյանը:

Եզրափակելով ելույթը և կոչ անելով կողմ քվեարկել Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելուն՝ ՀԱԿ խմբակցության պատգամավորն ասել է, որ հերոսությունը թշնամուն հաղթելու մեջ չէ, այլ հերոս ազգերն իրենք իրենց են հաղթում: