Home / Տեսանյութեր / Նախարարը չգիտի՝ որքան եկամուտ ունի Սերժ Սարգսյանի եղբայրը արագաչափ սարքերից

Նախարարը չգիտի՝ որքան եկամուտ ունի Սերժ Սարգսյանի եղբայրը արագաչափ սարքերից

Երևանում տեղադրված արագաչափ սարքերն ու տեսախցիկները պետք է հանել և հետաքննություն սկսել՝ ոլորտում կոռուպցիան բացահայտելու համար: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ միայն 2013 թվականին արագաչափերի պատճառով քաղաքացիները վճարել են 13.5 միլիարդ դրամ: Սա, ըստ Փաշինյանի, ռեկետ է:

«Ակնհայտ է, որ դա արվում է մարդկանց գրպաններից գռփելու համար: Տնօրինում է Սերժ Սարգսյանի եղբայրը (Ալեքսանդր Սարգսյանը)՝ «Security dream» ընկերությամբ և ոստիկանության կողմից», – ասել է Փաշինյանը:

Պատասխանելով Փաշինյանին՝ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասել է, որ նույն տրամաբանությամբ՝ բոլոր հարկերը պետական ռեկետ են:

Հարցին, թե որքան գումար է վաստակել Սերժ Սարգսյանի եղբայրը, Թովմասյանն ասել է. «Ոստիկանույթան կայքում գրված է, թե գումարները ինչպես են ծախսվել՝ ԱՊՊԱ-ի համար, Ճանապարհային նշանների տեղադրում, տրանսպորտի ձեռքբերում, մի մասը՝ պարգևատրային ծախսեր: Թե ինչքան եկամուտ ունի Սերժ Սարգսյանի եղբայրը, չեմ կարող ասել, ինչպես չգիտեմ՝ ինչքան եկամուտ ունեք դուք»:

Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումներում բազմիցս նշվել է, որ Security dream-ը, համաձայն ոստիկանության հետ կնքված պայմանագրի, ստանում է տուգանքների 70 տոկոսը։