Home / Տեսանյութեր / «Մնում ա Քոչարյանը պահանջի Մարտի 1-ի բացահայտում»․ Պատգամավորը՝ 2008-ի սպանդի մասին

«Մնում ա Քոչարյանը պահանջի Մարտի 1-ի բացահայտում»․ Պատգամավորը՝ 2008-ի սպանդի մասին

Քանի դեռ ՀՀԿ-ն իշխանության ղեկին է, թույլ չի տա բացահայտել Մարտի 1-ի սպանդը։ Այս մասին այսօր՝ Մարտի 1-ի հարցերով զբաղվող հանձնաժողով ստեղծելու մասին քննարկման ժամանակ Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանը։

Նա նկատել է, որ ՀՀԿ-ականներն ԱԺ-ում խոսում են Մարտի 1-ի տարբեր կողմերի մասին, մինչդեռ, ըստ Արզումանյանի, կար մի կողմ՝ ժողովուրդ, և ժողովրդի վրա կրակողներ:

«Այդքան հարց եք տալիս Ջհանգիրյանին, հարցեր տայիք Ռոբերտ Քոչարյանին, ով ասում էր հեռուստատեսությամբ, որ ընդդիմադիրները կրակել են ոստիկանության վրա։ Արտգործնախարար կար (ներկայումս ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյան-խմբ․), որ նույնը անգլերենով տարածեց ողջ աշխարհում: Մարդը, ով կասկածյալ էր հոկտեմբերի 27-ի գործով, ասում է՝ հանձնաժողով ստեղծեք։ Է ստեղծի, ով ա ձեռդ բռնել», – ասել է Արզումանյանը։

Այդ պահին տեղից ինչ-որ բան է գոռացել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ում ուղղված էր Արզումանյանի վերջին արտահայտությունը, ինչին ի պատասխան վերջինս պատասխանել է․ «Արա, ես նստելուց չեմ վախում, ես երեք անգամ նստել եմ, տղա»:

Արզումանյանը նաև ասել է, որ, ուսումնասիրելով ԵԽԽՎ փաստաթղթերը, բացահայտել է, որ, բացի «Ժառանգություն»-ից ու ՀԱԿ-ից, Մարտի 1-ի կոծկման մասնակից են ԱԺ-ում ներկա բոլոր խմբակցությունները:

Պատգամավորի խոսքով՝ զարմանալի է, որ Մարտի 1-ի պարտակմանը մասնակցած մարդիկ այժմ հայտատարում են, որ ցանկանում են բացահայտել սպանդը:

«Մնում ա՝ Ռոբերտ Քոչարյանը ցույց անի ու պահանջի Մարտի 1-ի բացահայտում: Ցինիկությունը սահման ունի: Դուք չորս անգամ օրենք եք փոխել, որ մեզ կարողանայիք դատել: Մարտի 1-ը ձեր ենթագիտակցության մեջ է: Մարդն առաջարկում է մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: Մարգարիտ Եսայանը ոչ մի կապ չունի ոչ էս, ոչ էն կողմի հետ, բայց ինքը ենթագիտակցաբար իրեն բերկուտ է պատկերացնում, որովհետև մեծամասնությունը «Բերկուտ է»»,- ասել է Արզումանյանը: