Home / Հայաստան / «Մարտի 1-ի քաղաքական էջը պետք է շրջել». ՀՅԴ-ականն իրեն մեղավոր չի զգում

«Մարտի 1-ի քաղաքական էջը պետք է շրջել». ՀՅԴ-ականն իրեն մեղավոր չի զգում

Մարտի 1-ի գործում ամեն ինչ բացահայտված է, մնում է մեկ հարց. ում գնդակից ով է սպանվել: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը: Երբ նրան հարցրել են՝ արդյոք կիսում է Ալեքսանդր Արզումանյանի կարծիքը, թե Մարտի 1-ը չի բացահայտվի, քանի դեռ իշխանափոխություն տեղի չի ունեցել, Վարդանյանն ասել է, որ սա այն հարցը չէ, որի համար պարտադիր է իշխանափոխություն:

«Մարտի 1-ի քաղաքական էջը փակելու ժամանակն է։ Որպես քաղաքական էջ, պետք է շրջել այս էջը, սակայն տուժողների իրավահաջորդներին պետք է փոխհատուցում տրվի», – ասել է Աղվան Վարդանյանը:

Լրագրողները հիշեցրել են նաև, որ երեկ Ալեքսանդր Արզումանյանը մեղադրանքներ է հնչեցրել նաև ՀՅԴ-ի հասցեին՝ նշելով, որ ԱԺ բոլոր խմբացկությունները, բացի ՀԱԿ-ից ու «Ժառանգություն»-ից, մասնակցել են Մարտի 1-ի պարտակմանը:

«Չեմ լսել, որ կոծկելու մեջ մեղադրի, սակայն եթե ասվել է նման բան՝ չարաչար սխալվել է: Մեր ներկայացուցիչն օրնիբուն աշխատել է Նիկոյանի հանձնաժողովում: Որևէ մեղադրանք չի կարող լինել Դաշնակցության մասով: Միակ դրվագը, որը խոսվել է, այն էր, որ Մարտի 1-ից հետո ՀՅԴ-ն կոալիցիայում է եղել, դա այլ օպերայի հարց է», – ասել է Աղվան Վարդանյանը:

Նա նաև նշել է, որ չի մասնակցելու մարտի 1-ին Ազատության հրապարակում «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության հրավիրած հանրահավաքին: