Home / Հայաստան / ԱՄՆ Պետդեպը կրկին հիշատակել է Հայաստանում ճնշումների ենթարկված դատավորի աղմկահարույց գործը

ԱՄՆ Պետդեպը կրկին հիշատակել է Հայաստանում ճնշումների ենթարկված դատավորի աղմկահարույց գործը

ԱՄՆ Պետդեպի 2013 թվականի Մարդու իրավունքների զեկույցում, ինչպես և նախորդ տարի, անդրադարձ է կատարվել հայաստանցի նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանի գործին, ով հեռացվել էր համակարգից ու այժմ գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս։

Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ Ղազարյանի թոշակը վերականգնելու հարցում մեկ տարվա ընթացքում ոչ մի առաջընթաց չի գրանցվել։ Դեռևս նախորդ տարվա զեկույցում Պետդեպը մեջբերել էր Սուրիկ Ղազարյանի հայտարարությունն առ այն, որ Հայաստանի իշխանություններն իր վրա ճնշում են գործադրել «Յուկոս»-ի գործի պատճառով։

Պաշտոնաթող դատավորի աղմկահարույց գործին անդրադարձել էր նաև եվրոպական մամուլը։ Մասնավորապես, հոլանդական «Հադելսբլադ» պարբերականի խմբագիր Յոս Ֆերլաանը հոդված էր հեղինակել «Յուկոս» և «Մորավել» ընկերություններին առնչվող դատական գործի մասին, որը քննում էր հոլանդական դատարանը:

Ֆերլաանը նշել էր, որ «Յուկոսի» սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու ձերբակալությունից և ընկերությունը սնանկ հայտարարելուց հետո «Յուկոսն» անցավ ռուսաստանյան պետական «Ռոսնեֆտ» ընկերությանը:

Սակայն, բացի «Յուկոսի» մայր ընկերությունից, գոյություն ուներ նաև ընկերության հայաստանյան մասնաճյուղը՝ «Յուկոս ԱՊՀ»-ն, որի վստահորդ գրասենյակը գրանցված է Ամստերդամում: Այդ ընկերության վրա տնօրինություն հաստատելու համար պայքարում էր «Ռոսնեֆտը», որը կլանել էր մայր «Յուկոսը»:

Հենց Հայաստանում էլ «Յուկոս»-ի դեմ դատական հայց էր ներկայացրել բրիտանական «Մորավել» ներդրումային ընկերությունը: 2005 թվականին Լոնդոնի արբիտրաժային դատարանը բավարել էր «Մորավելի» 655 միլիոն դոլարանոց հայցը «Յուկոսի» դեմ: Դրանից հետո «Մորավելը» դիմել էր հայաստանյան դատարան՝ պահանջելով Լոնդոնի արբիտրաժային դատարանի որոշման հարկադիր կատարումը: 2010 թվականի փետրվարին Սուրիկ Ղազարյանը որոշում էր կայացրել ի օգուտ «Մորավելի»:

Սակայն երկրորդ գործը, որի ընթացքում քննվում էր «Յուկոս ԱՊՀ»-ի՝ «Ռոսնեֆտին» պատկանելու օրինականության հարցը, այլ զարգացումներ է ունեցել, ու Սուրիկ Ղազարյանը որոշումը կայացրել է ի օգուտ ռուսաստանյան ընկերության:

Ռուսաստանյան դատարանների կողմից քննված մի քանի դատական գործերի արդյունքում «Մորավելը» նույնպես պարտվել էր «Յուկոսին», այն է՝ «Ռոսնեֆտին»:

«Բայց որքանո՞վ այդ որոշումները կարող են անկողմնակալ համարվել հոլանդական դատարանի համար, որտեղ այժմ շարունակվում է գործի քննությունը», – հարց է բարձրացնում Յոս Ֆերլաանը ու նշում, որ գործի քննության ընթացքում Սուրիկ Ղազարյանի վրա Վճռաբեկ դատարանի ղեկավարությունը ճնշում է գործադրել, ինչը ազդել է վճիռի կայացման վրա:

Խմբագիրը, մասնավորապես, մեջբերում է Ղազարյանի վկայությունից հատված, որը ներկայացվել է հոլանդական դատարանին.

«Ես հետևում էի ցուցումների «Ռոսնեֆտի» օգտին որոշումը կայացնելու ժամանակ… Դատական նիստի ընթացքում ես մի քանի անգամ ընդմիջում եմ հայտարարել այդ ցուցումները ստանալու համար: Ես ընտրություն չունեի, ցանկանում էի կաշիս փրկել: Ես ճնշումների զոհ դարձա, և վերջում այլ ընտրություն չունեի, քան հրաժարական տալ»:

Սուրիկ Ղազարյանն իր վկայության մեջ նաև նշել է, որ Հայաստանում դատական համակարգն անկախ չէ ու խստորեն վերահսկվում է: Ըստ նախկին դատավորի՝ դա հատկապես վերաբերում է աղմկահարույց գործերին, օրինակ, «Յուկոսին» և «Ռոսնեֆտին», որոնց քննության ընթացքում յուրաքանչյուր հայաստանյան դատավորի հրահանգվում է հետևել «վերևից» եկած հրամաններին և որոշումներ կայացնել ի օգուտ «Ռոսնեֆտի», քանի որ հակառակ որոշումները հակասում են Ռուսաստանի և Հայաստանի շահերին:

Ղազարյանը նաև ընդգծել է, որ, չնայած ինքը երկրորդ դեպքում վճիռը «վերևից» հրահանգով է կայացրել, իրեն համակարգից հանել են, որպեսզի մյուս դատավորներին ցույց տան, որ ղեկավարությանը չի կարելի հակառակվել: Այժմ Ղազարյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ ջանալով վերականգնել թոշակ ստանալու իրավունքը։