Home / Հայաստան / Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ Նիկոլ Փաշինյանին կփոխարինի որդին

Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ Նիկոլ Փաշինյանին կփոխարինի որդին

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը վիրահատության ենթարկվելու պատճառով մարտի 1-ի երեկոյան չի լինի Մյասնիկյանի արձանի մոտ։ Այս մասին նա հայտարարել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում։

«Բժշկի դիմել եմ երեկ, ԱԺ առաջին նիստից հետո, որովայնի շրջանում ունեցած ցավերի պատճառով: Մի քանի ժամ անց ախտորոշվեց կույրաղիքի սուր բորբոքում:

Ինձ ասացին, որ անհետաձգելի վիրահատության անհրաժեշտություն կա, որովհետև կույրաղիքս կարող է պայթել:

Վիրահատությունը սկսվել է 18.50-ին և շարունակվել երկու ժամ: Բժիշկներն ասում են` կույրաղիքս վիրահատության պահին պայթած է եղել: Վիրահատությունն անցել է հաջող, լաբորասկոպիկ եղանակով: Ետվիրահատական վիճակս բավարար է:

Չեմ կարծում, թե ի վիճակի կլինեմ Մարտի 1-ին, ժամը 21.00 ներկայանալ Մյասնիկյանի արձանի մոտ, նաև այն պատճառով, որ ետվիրահատական տեխնիկական ատրիբուտներ եմ կրում: Բայց նախատեսված ժամին և տեղում լեգենդար հրամանատար Սասուն Միքայեյանի կողքին կլինի որդիս` Աշոտը», – գրել է Փաշինյանը:

Աշոտ Փաշինյանը 14 տարեկան է։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սասուն Միքայելյանի հետ պատրաստվում է մարտի 1-ի գիշերն անցկացնել Մյասնիկյանի արձանի մոտ՝ «մի բան, որ չհաջողվեց անել 2008 թվականի մարտի 1-ին»։

2008 թվականի Մարտի 1-ին իշխանությունները Ազատության հրապարակում ուժի կիրառմամբ ցրել են նախագահական ընտրություններից հետո իրենց բողոքն արտահայտող խաղաղ ցուցարարներին, որոնք հետագայում հավաքվել են Մյասնիկյանի արձանի մոտ։ Երեկոյան իշխանությունները ցուցարարների դեմ հրազեն են կիրառել։ Զոհվել է 8 ցուցարար, ոստիկանության զորքերի 2 զինծառայող։ Մինչ օրս սպանության մեղավորները չեն բացահայտվել։