Home / Հայաստան / «Իրականացվել է 70 միջոցառում»․ Հայաստանը շտապում է ՄՄ մտնել

«Իրականացվել է 70 միջոցառում»․ Հայաստանը շտապում է ՄՄ մտնել

Եվրասիական տնտեսական խորհրդի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հետևում է Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու «ճանապարհային քարտեզով» սահմանված միջոցառումների իրականացման ընթացքին: Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած մամուլի ասուլիսում նշել է ՀՀ էկոնոմիկայի առաջին տեղակալ, Տեխնիկական կարգավորման հարցերով, Ծառայությունների և ներդրումների հարցերով աշխատանքային խմբերի ղեկավար Կարինե Մինասյանը:

Նա տեղեկացրել է, որ օրերս կայացել է այս աշխատանքային խմբի 3-րդ նիստը, որտեղ ներկայացվել է «ճանապարհային քարտեզի» կատարողականը:

«Այսօր ավելի հստակ կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվել է ավելի քան 70 միջոցառում», – Մինասյանի խոսքերը փոխանցում է ՀՀ կառավարության կայքը:

Ըստ նրա` աշխատանքային խմբի նիստի ժամանակ արձանագրվել է, որ բոլոր աշխատանքները իրականացվում են սահմանված ժամկետում: Փոխնախարարը հայտնել է, որ մարտի 4-ին Աստանայում տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար, Մաքսային միությանը միանալու արձանագրությունը նախապատրաստող աշխատանքային խմբի ղեկավար Շավարշ Քոչարյանն էլ նշել է, որ իրենք նախապատրաստելու են ՄՄ-ին և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու պայմանագիրը:

«Բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո, երբ պատրաստ կլինի պայմանագիրը` կներկայացվի ՀՀ ԱԺ–ի վավերացմանը: Վավերացումից, ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ-ն կդառնա ՄՄ և Միասնական տնտեսական տարածքի անդամ», – ասել է Շավարշ Քոչարյանը: