Home / Տեսանյութեր / ՍԴ 2 դատավոր կլքի պաշտոնը․ նրանցից մեկը 2008-ին գաղտնի խոսել էր Տեր-Պետրոսյանի հայցի մասին

ՍԴ 2 դատավոր կլքի պաշտոնը․ նրանցից մեկը 2008-ին գաղտնի խոսել էր Տեր-Պետրոսյանի հայցի մասին

Սահմանադրական դատարանի երկու անդամերի լիազորությունները շուտով դադարեցվելու են։ Այս մասին հայտնում է pastinfo.am կայքը՝ նշելով, որ Մանուկ Թոփուզյանն այսօր դառնում է 65 տարեկան և քանի որ նրա վրա տարածվում է այն սահմանադրական նորմը, ըստ որի՝ ՍԴ անդամը պաշտոնավարում է մինչև 65 տարին լրանալը, նա պետք է լքի պաշտոնն իր վերջին գործի ավարտից հետո, որը նշանակված է հունիսի 3-ին։

Պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով առաջիկայում կդադարեցվեն նաև ՍԴ անդամ Վալերի Պողոսյանի լիազորությունները: Քսան օրից՝ մարտի 25-ին, նա կդառնա 70 տարեկան: Պողոսյանը ՍԴ անդամ է 1996 թվականից՝ ՍԴ կազմավորման օրվանից: Այդ իսկ պատճառով նրա վրա տարածվում է հին՝ 2005թ. սահմանադրական փոփոխությունների դրույթը, ըստ որի՝ ՍԴ գործող անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև 70 տարին լրանալը։

Նշենք, որ Վալերի Պողոսյանի անվան հետ սկանդալային պատմություն է կապված։ 2011 թվականին Wikileaks կայքը գաղտնազերծել էր Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնի` 2008 թվականի մարտի 7-ին ԱՄՆ Պետդեպ ուղարկված նամակը, որում հաղորդվում է դեսպանատան աշխատակիցների և Վալերի Պողոսյանի զրույցի մասին:

Փենինգթոնը նշում է, որ Վալերի Պողոսյանը մարտի 6-ի ուշ երեկոյան գաղտնի դիմել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին` իր տանը շտապ առանձնազրույց կազմակերպելու խնդրանքով:

Խնդիրը կապված է եղել ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի` ՍԴ ներկայացրած հայցի հետ, որում պահանջվում էր 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյուքները չեղյալ համարել:

Փաստաթղթում նշվում է, որ հանդիպման ժամանակ «մռայլ տեսք ունեցող» Պողոսյանը գաղտնի զրույցի մասին խնդրանքը բացատրել է նրանով, որ տեղյակ է, թե «ինչ արժեքներ է դավանում ԱՄՆ-ն»:

«Նա պնդում էր, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ որոշում է կայացրել, համաձայն որի մարտի 8-ին կայանալիք Սահմանադրական դատարանի լսումները պետք է ավարտվեն ԼՏՊ-ի բողոքի դեմ վճիռ կայացնելով: Պողոսյանը հայտնել է, որ մարտի 4-ի ուշ երեկոյան` ԼՏՊ-ի բողոքի լսումների առաջին նիստի նախօրեին, անհայտ մեկը զանգահարել է իրեն և նախագահի աշխատակազմի ղեկավարի անունից (ներկայումս ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյան – խմբ.) կանչել է նախագահական: Պողոսյանը նշում էր, որ ծիծաղել է զանգողի վրա մերժելուց առաջ: Հաջորդ օրերին նա արհամարհել է զանգերը», – գրում է ամերիկացի դիվանագետը:

Նա նաև մեջբերում է Պողոսյանի խոսքերն առ այն, որ ՍԴ-ի իր գործընկերներից նվազագույնը երեքը նմանատիպ զանգեր են ստացել նախագահականից մարտի 4-ին, թեև դատավորը դրա ապացույցներ չի ունեցել:

Պողոսյանը նաև պատմել է դեսպանատան աշխատակիցներին, որ նախագահականից սպառնացել են աշխատանքից ազատել իր եղբորը, եթե ինքը չպատասխանի զանգերին:

Փենինգթոնը նշում է, որ Պողոսյանը ՍԴ-ում Լևոն Տեր-Պետրոսյանի բողոքի լսումներին իր բացակայությունը դեսպանատան պաշտոնյաներին բացատրել է վատառողջ լինելու հանգամանքով:

«Բացակայության արդյունքում նա հնարավորություն չի ունենա մասնակցել վճռի կայացման քվեարկությանը: Բայց նա վստահեցրել է, որ անգամ եթե առողջ լիներ, չէր ներկայանա լսումներին», – նշված է փաստաթղթում:

Պողոսյանը նաև պատմել է ամերիկացի դիվանագետներին, որ նախագահականից կատարվող ճնշումների հարցը բարձրացրել է իր գործընկերների շրջանում, սակայն իր բողոքները «անուշադրության են մատնել»:

Նա նաև պնդել է, որ դատավորներից մեկը` Կիմ Բալայանը, համագործակցել է իշխանությունների հետ, քանի որ նրա որդին` Տիգրան Բալայանը նշանակվել է ԱԳ նախարարության խոսնակ (նա փոխարինել էր փետրվարին աշխատանքից ազատված Վլադիմիր Կարապետյանին-խմբ․):

Պողոսյանը նշել է, որ այս գործում իր դիրքորոշումը և լսումներից բացակայությունը կարող են անձնական խնդիրների հանգեցնել լսումներից հետո: Նա խոստովանել է, որ վախենալու հիմքեր ունի` նշելով, որ եթե այդ ճնշումները չլինեին, դատարանի անդամներից գրեթե բոլորը հակված էին գործն ի օգուտ ԼՏՊ-ի վճռել:

Պողոսյանը կարծիք է հայտնել, որ «Հայաստանում այժմ բացարձակ բռնապեռտություն» է տիրում», որտեղ անհնար է խնդիրներն օրինական ճանապարհով լուծել: Նա ասել է, որ ներկայիս «բարոյական և հոգեբանական մթնոլորտը ստեղծվել է իշխող ռեժիմի կողմից»:

«Չնայած այն վախի մթնոլորտին, որ փորձում են ստեղծել իշխանությունները, Պողոսյանն ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր հարյուր հազարավոր մարդկանց դուրս հանել փողոց արտակարգ դրությունից հետո: Պողոսյանը չբացառեց այդ սցենարը և կարծիք հայտնեց, որ այդ դեպքում իշխանությունները կերկարաձգեն արտակարգ դրության ժամանակահատվածը, եթե զգան, որ իրենց` իշխանության գլուխ լինելու հարցը վիճարկելի է դառնում: Նա նաև ասաց, որ իշխանություններն այնքան անամոթ էին, որ սպառնում էին ձերբակալել Տեր-Պետրոսյանին, չնայած որ նրանք դա անելու ոչ մի իրավական հիմք չունեին: «Բայց նրանք կարող են անել այն, ինչ ուզում են», – տրտնջում էր Պողոսյանը», – գաղտնի նամակում գրել էր Փենինգթոնը: