Home / Հայաստան / Վարչապետի դուստրն ու խնամին դատի են տվել «Առավոտին»

Վարչապետի դուստրն ու խնամին դատի են տվել «Առավոտին»

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը վարույթ է ընդունվել Նարինե Տիգրանի Սարգսյանի, Հրանտ Ռաֆիկի Սուվարյանի՝ ընդդեմ Սուսաննա Դավթյանի, Լեմբերիկ Խաչատրյանի և երրորդ անձ «Առավոտ» օրաթերթի՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջի մասին հայցը, հայտնում է Aravot.am-ը։

Նարինե Սարգսյանը գործող վարչապետի դուստրն է, խնամին՝ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանն է: Դատարանում նրանց ներկայացուցիչն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Անահիտ Սարգսյանը:

Դատարանն այսօր ծրարով ուղարկել է լրատվամիջոցին գործը վարույթ ընդունելու մասին որոշումը, վիճարկվող հրապարակումը և հայցադիմումը:

Հայցվորի ներկայացուցիչը հայտնել էր, որ Aravot.am-ի փետրվարի 7-ի «ՀՀ վարչապետի դուստրն ու խնամին տիրացել են իմ ունեցվածքին» հրապարակման մեջ գրվել է. «Քաղաքացիներ Սուսաննա Դավթյանն ու Լեմբերիկ Խաչատրյանը պատմում են, թե ինչպես են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դուստրն ու խնամին՝ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանը ապօրինաբար տիրացել իրենց քարե շինությանը»: «ՀՀ վարչապետի դուստրն ու խնամիները տիրացել են իմ ունեցվածքին: Ինձ թվում էր՝ որպես վարչապետ, կոռուպցիայի դեմ պայքարող, պետք է այս գործին ընթացք տար, եւ ասեր՝ աղջիկ ջան, փեսա ջան, ձեր ախորժակները մի քիչ պակասացրեք: Դրա համար նամակ ուղարկեցի նրան, բայց ոչ մի արձագանք»:

Aravot.am-ի հաջորդ զրուցակիցը՝ Հրանտ Սուվարյանն էլ մեզ հետ զրույցում հերքեց, թե կապ ունի Խաչատրյանների քարե շինության հետ. «Այդ հողն ընդհանրապես մեզ հետ կապ չունի, հարեւանի հողն է, մենք կապ չունենք: Այդ հողատարածքի կողքի տունը տղայիս տունն է, իսկ Լեմբերիկ Խաչատրյանի կառուցված քարե շինությունը ՝ ավտոտնակը, գտնվում է նրա հարեւանի ՝ Արթուր Խաչատրյանի հողատարածքում: Իրենք մեզ հետ վաղուց են պայմանավորվել կառուցման հարցում, հիմա չգիտեմ, ինչ խնդիրներ են առաջացել, խնդիրներն իրենց մեջ են: Մենք կապ չունենք»:

Հոդվածն ամբողջությամբ՝ Aravot.am-ում