Home / Հայաստան / Ղարաբաղը Ղրիմի հանրաքվեն որպես ևս մեկ նախադեպ է դիտարկում

Ղարաբաղը Ղրիմի հանրաքվեն որպես ևս մեկ նախադեպ է դիտարկում

Ղրիմի Գերագույն խորհրդի՝ հանրաքվե անցկացնելու մասին որոշումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում է։ Այս մասին ռուսաստանյան Regnum գործակալության հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։ Պաշտոնյան նշել է, որ Ղարաբաղն այդ ճանապարհով արդեն անցել է ու գիտի՝ ինչ է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման գործընթացը։

Խոսելով պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշման մասին՝ Բաբայանը նշել է․ «Ժողովրդի ճակատագիրն իր սեփական ձեռքերում է։ Եթե Ղրիմը նման որոշում է կայացրել, նշանակում է՝ դա բխում է իր շահերից»։

Ինչ վերաբերում է ղրիմյան գործընթացների հնարավոր ազդեցությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, ապա, Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, դա կդառնա ևս մեկ նախադեպ ու հիմնարար ազդեցություն կունենա աշխարհաքաղաքական գործընթացների վրա ինչպես Կովկասում ու Եվրասիայում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում։