Home / Տեսանյութեր / «Ամոթ է»-ն մանիպուլացվում է․ կանայք իրենց քայլերթը կնվիրեն կարծրատիպերի քանդմանը

«Ամոթ է»-ն մանիպուլացվում է․ կանայք իրենց քայլերթը կնվիրեն կարծրատիպերի քանդմանը

Հայաստանում գոյություն ունեն մի շարք նախաձեռնություններ ու միավորումներ, որոնք զբաղվում են կանանց իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներով, սակայն համապետական Ֆեմինիստական շարժում չկա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էլվիրա Մելիքսեթյանը (լուսանկարում՝ աջից)։

Նա նշել է, որ վաղը՝ մարտի 8-ին, «Ֆեմինիստ պլատֆորմ» նախաձեռնությունը Կանանց իրավունքերի պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ քայլերթ է իրականացնելու։

«Պլատֆորմը ներկայանում է պաշտոնապես ու չի թաքցնում իր ֆեմինիստական մոտեցումները։ Մեր իրականությունում շատ հակասական ու կարծրատիպային մոտեցում կա հենց ֆեմինիստական շարժման ու ֆեմինիզմի երևույթի հետ կապված, շատ անհեթեթ համեմատություններ են արվում՝ վհուկների պայքար, մայրիխշանական գաղափարախոսություն և այլն։ Ուզում եմ ասել, որ առհասարակ ֆեմինիստական շարժումը մեր իրականությունում կապված չէ ոչ վհուկների, ոչ՝ մայրիշխանության հետ, դա կանանց իրավունքների պաշտպանության համար մղվող պայքարն է, քանի որ այսօր համաշխարհային ցուցանիշներով կանանց 54 տոկոսը ամբողջ աշխարհում խտրականության է ենթարկվում հենց գենդերի հիման վրա։ Դա է պատճառը, որ հենց կանայք են պայքարում իրենց իրավունքների պաշտպանության համար», – ասել է Մելիքսեթյանը։

Նա նաև պարզաբանել է, թե ինչու է այս տարվա քայլերթի համար ընտրվել «Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար» անվանումը։

«Ոչ մեկի համար գաղտնիք չեն այսօրվա իրականությունում եղած կարծրատիպերը, որոնք հիմնականում անդրադառնում են հենց մեր գենդերային պատկերացումների վրա։ Որոշ կարծրատիպեր կնոջ և տղամարդու դերի հետ կապված ասոցացվում են ՝«ամոթ է այսպես արա, ամոթ է ՝ այսպես մի արա» պատկերացումների հետ, և «ամոթ է» երևույթը մանիպուլացվում է, ինչի պատճառով էլ մեր իրականությունում բռնություններ են տեղի ունենում։ Դրա համար մեր քայլարշավի խորագիրը ամբողջովին նվիրում ենք այդ կարծրատիպերի քանդմանը և բողոքում ենք «Ամոթ է» երևույթի դեմ»,- եզրափակել է Մելիքսեթյանը։