Home / Տեսանյութեր / ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախումներ ակցիայի ժամանակ․ կուտակայինի դեմ բողոքողները բերման են ենթարկվել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախումներ ակցիայի ժամանակ․ կուտակայինի դեմ բողոքողները բերման են ենթարկվել

Պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարող «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամների հերթական ակցիան ֆինանսների նախարարության առջև թեժ ընթացք ունեցավ:

Միջոցառումը սկսվեց կարճ ելույթներից, «ամոթ», «մենք ենք տերը մեր երկրի», «դեմ ենք» բացականչություններից, որոնք խլացնում էին ժամանակ առ ժամանակ հնչող «Սերժիկ, հեռացիր» բացականչությունը:

«Սահմանադրական դատարանի առաջին աշխատակարգային որոշումից հետո հայտարարվեց, որ եթե օրենքը սահմանադրական ճանաչվի, հնարավոր է, երեք ամսվա պահումներ միանգամից լինեն: Բնականաբար, այս լուրերը ստահոդ էին ու անհիմն: Անգամ ՍԴ աշխատակազմի ղեկավարը պարզաբանում տվեց, որ որևէ մեկը որևէ օրենքով չի կարող երեք ամիս առաջվա աշխատավարձից պահում անել: Շատ գործատուներ, խուճապի մեջ ընկնելով, որոշեցին այդ գումարը պահել աշխատավարձից, չփոխանցել կամուրջ հաշվին, պահել իրենց մոտ ու անհրաժեշտության դեպքում քաղաքացին իր գրպանին այդ մեծ հարվածը չզգա», – ասել է նախաձեռնության ներկայացուցիչներից մեկը:

Ըստ բողոքողների՝ գումարների հնարավորինս արագ ձևով հավաքագրումը նաև բյուջեն արագ լցնելու նպատակ է հետապնդում:

Այնուհետև, երբ հավաքվածները որոշեցին մոտենալ նախարարության շենքին, ոստիկանները պատ կազմեցին՝ այդ մտահղացումը խափանելու համար:

Հավաքվածները պահանջում էին նախարարից իջնել և պատասխան տալ: Նրանք հրաժարվեցին խոսել Դավիթ Սարգսյանի ներկայացուցչի հետ: Ավելի ուշ, սակայն, նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որում ասվում է, որ նախաձեռնության անդամներին առաջարկվեց փոխանցել գրավոր առաջարակներ: Նախաձեռնության անդամներն, ըստ հաղորդագրության, հրաժարվեցին ընդունել ֆինանսների նախարարության՝ երկխոսելու այս առաջարկը: 

Ակցիայի մասնակիցների թիվը կրկնապատկվեց, ոստիկանների ջանքերի շնորհիվ նրանից ոմանք մնացին փողոցի երթևեկելի մասում, մյուսները՝ Ազգային պատկերասրահի շենքի պատի տակ: Օրինապահները հրում էին ինչպես ակցիայի մասնակից քաղաքացիներին, այնպես էլ լրագրողներին:

Այս պահին ցուցարարները շարժվում են դեպի ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկվածներին ազատելու պահանջով: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ բերման ենթարկվածների թվում են Էդուար Մինասյանը, Հակոբ Արշակյանը և Դավիթ Աղաբեկյանը, կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն: