Home / Հայաստան / Կանանց իրավունքները Հայաստանում ոտնահարվում են, բռնության դեպքերից շատերը չեն քննում

Կանանց իրավունքները Հայաստանում ոտնահարվում են, բռնության դեպքերից շատերը չեն քննում

2012 թվականի ընթացքում Հայաստանում բռնաբարության կամ բռնաբարության փորձի 19 դեպք է գրանցվել, որոնցից ոչ մեկը ամուսնական հարաբերությունների ընթացքում տեղի ունեցած բռնաբարություն չի եղել: Նման հանցագործության դեպքերից շատերը Հայաստանում չեն բարձրաձայնվում, քանի որ զոհերը վախենում են հասարակական խարանից ու պիտակավորումից: Խնդիր է նաև համակարգում կին քննիչների բացակայությունը:

Հայաստանում կանանց իրավունքների ոտնահարման փաստերին անդրադառնալով՝ այս մասին նշում են ԱՄՆ Պետդեպի 2012 թվականի մարդու իրավունքների զեկույցի հեղինակները:

«Ընտանեկան բռնության դեպքում օրենքը նույն պատիժն է սահմանում, ինչ բռնության այլ դեպքերի առկայության պարագայում, սակայն ընտանեկան բռնությունն արդյուանավետ չի հետաքննվում: Հայտնի է, որ Հայաստանում ամուսնու կողմից բռնությունը կնոջ նկատմամբ լայնորեն տարածված է: Տարվա ընթացքում իրավապահ մարմինները հայտնել են ընտանեկան բռնության 762 դեպքերի մասին, որոնցից 455-ի դեպքում բռնությունն իրականացվել էր ամուսիններից կամ զուգընկերներից մեկի կողմից: Հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում Կանանց ռեսուրսային կենտրոնն իր թեժ գծով  ընտանեկան բռնության մասին 897 բողոք է ստացել: Հայաստանյան իրավապաշտպանների և դիտորդների վկայությամբ, երկրում ընտանեկան բռնության դեպքերի մասին հաճախ չեն բարձրաձայնում, քանի որ զոհերը վախենում են, որ ոստիկանությունը կվերադարձնի իրենց ամուսինների մոտ և ֆիզիկական բռնությունը կշարունակվի, կամ ամաչում են բացահայտել ընտանեկան խնդիրները: Առկա է տեղեկատվություն, որ ոստիկանությունը նման դեպքերում չի ցանկացել գործել, կանանց խորհուրդ է տվել բողոք չներկայացնել: Դա ավելի հաճախ հանդիպում է Երևանից դուրս», – նշված է Պետդեպի զեկույցում:

Փաստաթղթի հեղինակները հիշեցնում են, որ հուլիսին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը մտահոգություն է հայտնել կանանց դեմ իրականացվող բռնության բարձր մակարդակի կապակցությամբ:

Զեկույցի հեղինակները կարևորագույն խնդիր են համարում կանանց աշխատանքային իրավունքների ոտնահարումը թե հանրային, թե մասնավոր ճյուղերում: Կանայք չեն ստանում նույն հնարավորությունները կամ աշխատավարձը, ինչ տղամարդիկ: 2010 թվականի պաշտոնական վիճակագրության համաձայն, տղամարդկանց և կանանց ամսական միջին աշխատավարձերի միջև մեծ տարբերություն է եղել, բացի դրանից ավելի երիտասարդ կանայք տարեց կանանցից բարձր են վարձատրվում: ՀՀ գործադիր մարմինների բոլոր ճյուղերում ղեկավար կանանց ներկայությունը շարունակում է ցածր մնալ:

Զեկույցի հեղինակները նաև ընդգծում են, որ Հայաստանում լրջագույն խնդիր է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը: Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի գենդերային անհավասարակշռության խնդիրները լուծելու համար, հավելում է ԱՄՆ Պետդեպը:

Այս հոդվածը տպագրվել է Epress.am-ում 2012 թվականի ապրիլի 22-ին