Home / Հայաստան / «Տուն մաքրող», «Զոռով սեքս անող». Բեմադրություն՝ Երևանի փողոցներում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Տուն մաքրող», «Զոռով սեքս անող». Բեմադրություն՝ Երևանի փողոցներում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքացիական ակտիվիստները «Մարտի 8–ն ամեն օր» բեմականացված քայլերթով շրջել են Երևանի կենտրոնում՝ շարունակելով Մարտի 8-ին նվիրված միջոցառումների շարքը, որը նպատակ ունի առիթն օգտագործել և բարձրաձայնել կանանց իրավունքների հիմնահարցերը:

Ակտիվիստները ներկայացմամբ հանդես են եկել նախ Իսահակյանի արձանի մոտ, ապա Ազնավուրի հրապարակում և Հյուսիսային պողոտայում: Բեմադրության հերոսը մեծ ընտանիքի մայր էր, ով իր վրա կրում է իր պարտականությունների մասին հայտնող գրառումներով թղթեր՝ «երեխա բերող», «տուն մաքրող», «զոռով սեքս անող», «ամենացածր աշխատավարձով աշխատող», «Կոնֆլիկտները հարթող»:

Հասարակության սևազգեստ անդամների կողմից ճնշումներից հետո՝ հերոսուհին կարողանում է իր մեջ ուժ գտնել, պատռել իր վրա փակցված թղթերը և ազատագրվել: Ներկայացման հերոսուհի Միլենան Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ գիտակցում է, թե հայ կնոջ համար այնքան հեշտ չէ ազատվել ճնշումներից ու իրավունքի ոտնահարումների դեմ պայքարել իրական կյանքում, ինչպես դա արվում է թատերական խաղում, բայց, նրա խոսքով՝ պետք է ձգտել անել հնարավորը՝ հասարակության լիարժեք անդամ դառնալու համար:

Այս հոդվածը Epress.am-ում տպագրվել է 2013 թվականի մարտի 8-ին