Home / Տեսանյութեր / «Գովազդի մենաշնորհը Սերժ Սարգսյանի փեսայինն է»․ ԱԺ-ում քննարկում են ալհոկոլ գովազդելու մասին օրենքը

«Գովազդի մենաշնորհը Սերժ Սարգսյանի փեսայինն է»․ ԱԺ-ում քննարկում են ալհոկոլ գովազդելու մասին օրենքը

Ակնհայտ է, որ ԱԺ-ում քննարկվող «Գովազդի մասին» օրենքի նախագիծը հակահասարակական է և կոնկրետ խմբի շահեր է հետապնդում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը։

Նշենք, որ օրենքի նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան 06:00-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) գովազդ:

Արամ Մանուկյանը նշել է, որ գովազդային շուկայում մենաշնորհ է գործում, որը պատկանում է Սերժ Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին։

«Գովազդը մենաշնորհված է, և միայն մի մարդ է որոշում՝ ով, որտեղ, ինչքան։ Եվ եթե Աղվան Վարդանյանը չի ասում (Մանուկյանից առաջ ելույթ էր ունեցել ՀՅԴ-ական Վարդանյանը- խմբ․), ես ասեմ՝ դա Միքայել Մինասյանի մոնոպոլիան է։ Եվ այս խումբն էլ (օրենքի հեղինակները – խմբ)՝ ՄԻԱԿ կուսակցության հիմնական կորիզը, հենց էդ խնդիրն է լուծում։ Գովազդի հետ կապված բացարձակ խնդիր չկա», – ասել է Մանուկյանը։

Տեղական արտադրողին սատարելու զրույցների ֆոնին՝ Մանուկյանը հարց է բարձրացրել՝ արդյոք հեռուստաընկերությունները «Լուսաստղ» օղին են գովազդելու։ Պատգամավորի խոսքով՝ «Լուսաստղը» վաճառվում է 500-600 դրամով, ու նման գնի օղի չի կարող լինել, ուստի դա թույն է, և հեռուստատեսությունը զբաղվելու է դա գովազդելով։

««Լուսաստղը» խմում են էն մարդիկ, ովքեր չեն կարողանում որակյալ օղի խմեն և հարբելու խնդիր ունեն։ Ախր, հակապետական բան եք անում, չե՞ք զգում։ Ակնհայտ է, որ սա օրենք չի։ Սա հակահասարակական, հակաառողջապահական օրենք է», – հայտարարել է Մանուկյանը։

Հակադարձելով Մանուկյանին՝ օրենքի համահեղինակներից մեկը՝ Սամվել Ֆարմանյանը, պնդել է, որ մենաշնորհի խնդիր չկա, իսկ հեղինակներից ևս մեկը՝ Նաիրա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ երբեք սթափարաններ չեն գործել, և հայերի հոգեկերտվածքը, ազգային նկարագիրը միշտ հեռու են պահում նրանց հարբեցողությունից։

Կարապետյանը նշել է, որ օրենքը նախաձեռնողները ոչ թե հեռուստաընկերությունների շահերն են պաշտպանում, այլ ցանկանում են հնարավորություն տալ հայ հեռուստադիտողին լավ հաղորդումներ դիտել, օրինակ, միջազգային նախագծեր, ինչը հնարավոր չէ, քանի որ հեռուստաընկերությունները ներկայումս ֆինանսական դժվարություններ ունեն, իսկ նոր օրենքը հնարավարություն կտա լրացուցիչ գովազդային բյուջեներ ունենալ։

Կարապետյանը նշել է, որ օրենքը ի սկզբանե բարի նպատակներ ունի, քանի որ հեռուստաընկերությունները, գումաներ ստանալով, հնարավարություն կունենան, օրինակ, կրթական հաղորդումներ ունենալ։

«Ես կոչ եմ անում հատկապես կին և մայր պատգամավորներին լինել սթափ քվեարկելիս, մտածել մեր ապագա սերնդի կրթման և ապագա սերնդի կրթման գործում առյուծի բաժին ունեցող հեռուստատեսության որակի մասին», – ասել է Կարապետյանը։

ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, իր հերթին, հիշեցրել է, որ երբ տարիներ առաջ քննարկում էին ալկոհոլի գովազդ արգելելու մասին օրենքը, ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները նույն փութաջանությամբ խոսում էին արգելքի կարևորության, մատաղ սերնդի առողջության պահպանման կարևորության մասին։